Կառավարությունը կաջակցի խաղող մթերողներին երաշխիքներով և վարկերի հետաձգմամբ

Կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում որոշել է օգնել խաղող մթերող ընկերություններին լրացուցիչ վարկեր ստանալ։ Եթե ընկերությունը բանկից վարկ վերցնելու համար բավարար գրավ կամ ապահովման այլ միջոց չունի, պետությունը կերաշխավորի վարկի մինչև 50%-ը։ Նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։

Այսինքն, վարկային միջոցները կտրամադրեն բանկերը, իսկ պետությունը երաշխավոր հանդես կգա դրանց մի մասի համար։

Միաժամանակ, 2024 կամ 2025 թվականներին խաղողի մթերման նպատակով վարկ վերցրած ընկերությունները բանկերի հետ համաձայնությամբ կկարողանան մինչև վեց ամսով հետաձգել վարկի մայր գումարի մարումը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում հայտնել է, որ ծրագիրը նպատակ ունի ապահովել խաղողի առաջիկա մթերումների անխափան ընթացքը։ Նրա խոսքով՝ մթերման գործընթացը ամբողջ ծավալով կսկսվի մոտ մեկ շաբաթից։

«Որպեսզի պրոցեսը լինի անխափան և առկա ամբողջ խաղողի ծավալը մթերվի, մենք քննարկումներ ենք ունեցել գործարար միջավայրի հետ, մթերողների հետ, մասնավորապես ընկերությունների հետ, որոնք արտադրում են հայկական բրենդի գինի, որպեսզի կարողանանք նաև իրենց հետ համատեղ իրենց օգնելով մթերման գործընթացը կազմակերպենք»,- ասել է Պապոյանը։

Նոր կարգավորումը կգործի 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը։ Պետությունը կարող է երաշխավորել խաղողի մթերման համար տրամադրվող վարկի մինչև կեսը, եթե ընկերության սեփական գրավը կամ վարկի ապահովման մյուս միջոցները բավարար չեն ամբողջ անհրաժեշտ գումարը բանկից ստանալու համար։ Միաժամանակ, պետական երաշխիքի չափը չի կարող գերազանցել ընկերության՝ նախորդ տարվա ընթացքում արտահանած արտադրանքի արժեքը։

Պապոյանը մեխանիզմը բացատրել է 3 մլրդ դրամի մթերում նախատեսող ընկերության օրինակով։ Եթե ընկերությունն այդ նպատակով ցանկանում է համապատասխան վարկային միջոցներ ներգրավել, բայց իր ունեցած գրավը բավարար է միայն 1,5 մլրդ դրամի համար, պետությունը կարող է երաշխավորել լրացուցիչ 1,5 մլրդ դրամի վարկը։

«Եթե մենք իրեն չաջակցենք, ինքը մեկուկես մլրդ դրամի խաղող է գնելու, բայց այս ծրագրով մենք ասում ենք, որ դու ևս կարող ես մեկուկես մլրդ դրամ լրացուցիչ խաղող մթերել, բայց այս հաջորդ մեկուկես մլրդի համար պետությունը երաշխավորում է, որպեսզի դու այդ վարկային միջոցները վերցնես»,- ասել է նախարարը։

Պապոյանի խոսքով՝ լրացուցիչ վարկային միջոցներով խաղողի մթերումը պետք է կատարվի անկանխիկ եղանակով՝ մինչև օգոստոսի 1-ը կնքված պայմանագրերի հիման վրա։ Բացի այդ, ընկերությունը նախորդ տարում պետք է առնվազն պետական երաշխիքի չափով հայկական կոնյակ կամ գինի արտահանած լինի։

Կառավարության ընդունած մյուս փոփոխությունը վերաբերում է արդեն գործող վարկերին։ 2024 կամ 2025 թվականներին խաղողի մթերման համար վարկ վերցրած ընկերությունը բանկի հետ համաձայնության դեպքում կարող է մինչև վեց ամսով հետաձգել մայր գումարի մարումը։ Այս հնարավորությունից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել միայն մեկ տարվա՝ 2024-ի կամ 2025-ի վարկերի համար։

Պապոյանի խոսքով՝ այդ ընթացքում ընկերությունները կվճարեն վարկերի տոկոսները, իսկ մայր գումարի մարումից ժամանակավորապես ազատված միջոցները կկարողանան ուղղել այս տարվա խաղողի մթերմանը։

«Այդ ազատված գումարին ևս իրենք խաղող կմթերեն: Ահա սա է այս ծրագրի ամբողջ իմաստը»,- ասել է Պապոյանը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ խաղող մթերող ընկերություններն Էկոնոմիկայի նախարարությանը հայտնել են, որ շրջանառու միջոցների պակասի, արդեն ունեցած վարկերի ծանրաբեռնվածության և ազատ գրավի սակավության պատճառով դժվարացել է նոր վարկեր ներգրավելը։ Ընկերությունները խնդրել են պետական երաշխիքներ տրամադրել նոր վարկերի համար և մինչև վեց ամսով հետաձգել 2024-2025 թվականներին վերցված վարկերի մայր գումարի մարումը։

Նախարարությունը խնդիրների պատճառների թվում նշել է նաև Վերին Լարսի անցակետում և Վրաստանում արտահանվող հայկական կոնյակի նկատմամբ իրականացվող զննությունները։ Ըստ հիմնավորման՝ դրանց հետևանքով ավելանում են տեղափոխման ծախսերն ու վաճառքի գները, իսկ ընկերությունների ֆինանսական մուտքերը նվազում են։ Երկարատև զննությունների պատճառով ընկերությունները որոշ դեպքերում չեն հասցնում ապրանքը ժամանակին մատակարարել, իսկ նման դեպքերի կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը կարող են խուսափել նրանց հետ մատակարարման պայմանագրեր կնքելուց։

Նման պետական երաշխիքներ խաղող մթերող ընկերություններին տրամադրվել են նաև նախորդ տարիներին։ 2023 թվականին երեք կազմակերպություն ստացել է շուրջ 2,7 մլրդ դրամի, 2024-ին չորս կազմակերպություն՝ շուրջ 3,1 մլրդ դրամի, իսկ 2025-ին վեց կազմակերպություն՝ շուրջ 4,6 մլրդ դրամի բյուջետային երաշխիք։

Պապոյանը նաև հիշեցրել է, որ կառավարությունն ավելի վաղ առանձին ծրագիր էր ընդունել սեղանի խաղողի արտահանման աջակցության համար։ Նրա խոսքով՝ խաղողի արտահանման դեպքում կառավարությունն արտահանողին 150 դրամի աջակցություն է տրամադրում։

Կարդացեք նաև՝ 

Կառավարությունը երկարաձգել է արտահանողներին տրամադրվող փոխհատուցումները

Leave a Comment