Իրանի աջակցությունը վայելող «Անսար Ալլահ» շարժումը վերահսկողություն է հաստատել Եմենի ռազմավարական Մոչա նավահանգստային քաղաքի նկատմամբ և առաջխաղացում գրանցել դեպի Կարմիր ծովի Հանիշ կղզիներ, հայտնել է Reuters-ը։
Կայքի ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ դա լուրջ սպառնալիք է ստեղծում աշխարհի կարևորագույն առևտրային ուղիներից մեկի՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նավարկության անվտանգության համար:
Եմենի կառավարական ուժերը և տարածաշրջանային աղբյուրները հայտնում են, որ հութիների վերջին գործողություններն իրականացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անմիջական ղեկավարությամբ։
Մոչայի և հարակից ափամերձ շրջանների գրավումը հութիներին լրացուցիչ լծակներ է տալիս Կարմիր ծովի հարավային ելքի նկատմամբ։ Հորմուզի նեղուցի փակ լինելու պայմաններում Սաուդյան Արաբիան ապավինում էր Կարմիր ծովի երթուղուն։ Հութիների վերահսկողությունը կարող է կրճատել վառելիքի մատակարարումները և էլ ավելի բարձրացնել նավթի համաշխարհային գները։
Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 4%-ով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 105 դոլարը, իսկ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը։
Հութիների մարդասիրական գործողությունների համակարգման կենտրոնը հայտարարել է, որ Կարմիր ծովում նավարկությունն անվտանգ է բոլորի համար, բացառությամբ սաուդյան նավերի։
ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո հութիները վերսկսել էին հրթիռային հարձակումներն ու գործողությունները Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։
Հուլիսի 20-ին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակման մասին՝ սպառնալով թիրախավորել թագավորության հետ կապված նավերը։ Օգոստոսին հութիները մի շարք հարձակումներ էին իրականացրել Սաուդյան Արաբիայի հետ կապված նավերի և նավթային ենթակառուցվածքների դեմ։
