
Ադրբեջանը կշարունակի լրացուցիչ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու և խաղաղության ապագան ամրապնդելու ուղղությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և շարժվում ենք այդ ուղղությամբ»,- նշել է նա։
Հաջիևը նաև ասել է, որ խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն առճակատման բացակայություն, այլև վստահության ամրապնդում, վերականգնում և կառուցում։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։