ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դիվանագետներն այցելել են Արցախ – armeniatoday.am

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 150 հոգուց բաղկացած պատվիրակությունը երկօրյա այց է սկսել Արցախ և հարակից շրջաններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դիվանագետներ։ Այցին մասնակցում է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Ընդհանուր առմամբ, պատվիրակությունը ներկայացնում է 58 երկիր և ինը միջազգային կազմակերպություն։

Այցի ծրագրում ներառված են Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և Քարվաճառը։ Դիվանագետներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի իշխանությունները պատվիրակության անդամներին ներկայացնելու են տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության վիճակը։

2020 թվականից ի վեր սա Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ տարածաշրջան կատարած 22-րդ այցն է։

Leave a Comment