«Մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք». Փաշինյանը՝ կրթական խնդիրների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ կրթական խնդիրներին, դպրոցներում մասնագիտական որակին, հանրային գրագիտությանը և ուսուցիչների ատեստավորմանը։

«Խոսում ենք ուսուցիչների ատեստավորման ծրագրի մասին, ասում ենք, որ պետք է երաշխիք ունենանք, որ դասասենյակ մտնող ուսուցիչը պրոֆեսիոնալ, պատշաճ մակարդակ ունի, որովհետև մենք չենք կարող մեր երեխաների ապագան վստահել առանց լրացուցիչ ստուգումների: Ես ուսուցիչներին չեմ մեղադրում, որովհետև 30 տարվա մեջ ոչ մեկը մեր ուսուցիչներին չի ասել՝ պետք է ձեր հմտությունների վրա աշխատեք: Խմել են կենացներ, ինչի՞ համար, որովհետև այդ ուսուցիչները պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար: Որ ասում էինք՝ կրթվելը նորաձև է, ասում էին՝ էս ազգին անկիրթի տեղ են դրե՞լ», – հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով քննադատներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Դուք եք ակադեմիկոսներ, դրա համար միլիարդատեր եք: Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, դասագրքի հեղինակ լինի պարոն Ծառուկյանը, բա ի՞նչ եք ուզում, ձեզ թվում է՝ դա անհետևանք է անցնելո՞ւ»:

«Մենք այդ գրագիտության պակասն ամեն օր տեսնում ենք՝ բիֆինգներում, ամեն տեղ: Մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք, մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք՝ իմանալու ինչ է պետությունը, ինչ է միջազգային հարաբերությունը, ինչ է տնտեսությունը, մշակույթը, ամեն ինչը: Աշակերտներից անցնենք մի կողմ, որ թեստ անենք ընդհանուր հանրային….», – ընդգծեց նա:

Վարչապետը հայտարարեց՝ «տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»։

«Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել երկար տարներ Հայաստանի Հանրապետությունը։ Մինչև էսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ այնպիսի գաղափարներ են դասավանդում… տգիտություն են դասավանդում դպրոցներում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ ընտրություններից հետո կրթության նախարարի առաջ խնդիր է դրել՝ «այդ ամբողջ մասային դուրս հանել դպրոցներից»:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունն էր փաստել, որ հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից:

Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

Leave a Comment