Նավթի համաշխարհային գները շարունակում են կտրուկ աճել Իրանի շուրջ շարունակվող պատերազմի և Պարսից ծոցից նավթի մատակարարումների խափանումների ֆոնին։ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է ևս 6,1%-ով և մեկ բարելի դիմաց գերազանցել 105 դոլարը՝ հասնելով մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Այս մասին գրում է AP-ն։
Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նույնպես աճել է մոտ 6%-ով և առաջին անգամ մայիսից ի վեր բարձրացել 100 դոլարից։ Նավթի թանկացումը կապված է Հորմուզի նեղուցով նավթային փոխադրումների լիարժեք վերականգնման վերաբերյալ սպասումների նվազման հետ։
Էներգակիրների գների աճը բացասաբար է անդրադարձել նաև ԱՄՆ ֆոնդային շուկայի վրա։ S&P 500 ինդեքսը նվազել է 0,5%-ով, Dow Jones Industrial Average-ը կորցրել է շուրջ 340 կետ կամ 0,7%, իսկ Nasdaq Composite-ը նվազել է ևս 0,5%-ով։
Նավթի թանկացումը նաև ուժեղացրել է ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ մտահոգությունները։ Երկրում սովորական բենզինի մեկ գալոնի միջին գինը հասել է մոտ 4,28 դոլարի, ինչը շուրջ 34%-ով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։ Միաժամանակ արտադրողների մակարդակում տարեկան գնաճը վերջին ամսում արագացել է մինչև 5,4%՝ հուլիսի 4,8%-ից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, նավթի գները կարող են չնվազել մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո։