Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում։ Փաստաթուղթը ենթակա է Ազգային ժողովի վավերացմանը։
Համաձայնագիրը սահմանում է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը։ Այն ներառում է համագործակցության ոլորտներին ու ձևերին, գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը, երրորդ երկրներին վաճառքի կարգին, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող դրույթներ։
Փաստաթուղթը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի միջև։
ՀՀ պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ համաձայնագրի վավերացումը հիմքեր կստեղծի երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման և պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման համար։
Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը դրվել է 2004 թվականին Վարշավայում ստորագրված միջկառավարական համաձայնագրով, որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 2005 թվականին։ Նոր փաստաթուղթը վերաբերում է անմիջապես ռազմատեխնիկական համագործակցությանը։
ՀՀ կառավարությունն օգոստոսի 27-ին որոշել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանել։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ հավատարմագրման պաշտոնական ընթացակարգերն անցնելուց և Վարշավայի համաձայնությունն ստանալուց հետո։
