«Հայաստանիս արդյունքներն ահազարհուր ապագա են կանխորոշում»․ Նարինե Դիլբարյան

«Հայաստանիս արդյունքներն ահազարհուր ապագա են կանխորոշում»․ Նարինե Դիլբարյան

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եղիշեն ասում է. «Տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց»։ Քանիցս անդրադարձել ենք Հայաստանում տարփողված կրթական հեղափոխիչ «բարեփոխումների» չարադեմ բացասական հետևանքների մասին, և ձայն բարբառոյ յանապատի էր։ Այժմ ունենք միջազգային հեղինակավոր ծրագրի գնահատականները, որոնք հաստատեցին ՀՀ կրթական համակարգի փաստացի անապատացումը։
Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագրի պաշտոնական տվյալները բացահայտեցին կրթական բարեփոխումներ կոչվածի իրական չարափոխումը։ PISA-ն, հանրակրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային ծրագիրն է․ ստուգում է 15 տարեկան աշակերտների՝ մաթեմատիկա, ընթերցանություն, բնագիտություն առարկաներից ստացած գիտելիքները իրական կյանքում կիրառելու կարողությունը։ Գնահատմանը մասնակցել 15-ամյա աշակերտների մոտ 80 տոկոսը։
և ուրեմն
• Մաթեմատիկա — կարողանո՞ւմ է աշակերտը մաթեմատիկական գիտելիքը կիրառել իրական խնդիրների լուծման համար։
• Ընթերցանություն — կարո՞ղ է հասկանալ, վերլուծել և գնահատել տարբեր տեքստերից ստացված տեղեկությունը։
• Բնագիտություն — կարո՞ղ է գիտական գիտելիքը կիրառել երևույթներ բացատրելու և խնդիրներ վերլուծելու համար։
Հայաստանիս արդյունքներն ահազարհուր ապագա են կանխորոշում։ Ընթերցանությունից Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19 տոկոսն է հասել այն նվազագույն մակարդակին, որը PISA-ն անհրաժեշտ է համարում տեքստը հասկանալու, հիմնական միտքը գտնելու և պարզ եզրակացություններ անելու համար։
Մաթեմատիկայից 15-տարեկանների միայն 28 տոկոսն է հասել նվազագույն պահանջվող մակարդակին– կարողանալ կիրառել հիմնական մաթեմատիկական գիտելիքները պարզ խնդիրներ լուծելիս։ Նույն է պատկերը նաև բնագիտության ոլորտում՝ 26 տոկոս։
Վրաստանը և Ադրբեջանը երեք հիմնական ոլորտներում էլ Հայաստանից առաջ են նվազագույն հմտությունների մակարդակի հասնող աշակերտների բաժնով։ Հատկապես մեծ է տարբերությունը ընթերցանության մեջ՝ Հայաստանի 19%-ի դիմաց Վրաստանում 39% է, Ադրբեջանում՝ 35%։
Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի կիրառմամբ լալահառաչ արդյունք է ի ցույց բերում, և բոլոր երեք հիմնական ուղղություններով տարածաշրջանում, ներառյալ Թուրքիան, ամենացածր ցուցանիշն է ի հայտ ոերում։
Սա վկայությունն է «նոր, իրական» դարձած Հայաստանում կրթական հեղափոխական քաղաքականության ցավագին ձախողման մասին։
Իսկ պամտոնական վիճակագրությամբ՝ վերջին հինգ տարիներին՝ 2021–2025թթ․, կրթության ֆինանսավորումը դրամային արտահայտությամբ արագ աճ է ունեցել։ ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ կրթության ոլորտի ծախսերը եղել են մոտավորապես՝ 149 մլրդ դրամ (2021), 167 մլրդ (2022), 192 մլրդ (2023), 288 մլրդ (2024) և 300 մլրդ (2025)։
Եվ այսպես՝ յո՞ երթամք, դեպի տգիտության անդո՞ւնդ….. բյուջեի գումարների աճով և ծախսերով»։

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան

Leave a Comment