ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը անմիջականորեն կապ է հաստատել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորական ղեկավարների հետ՝ Իրանի հետ ռազմական հակամարտության օբյեկտիվ գնահատական ստանալու համար, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ գարնանը և ամռանը Վենսը «անսովոր քայլ» է կատարել՝ անմիջականորեն կապ հաստատելով Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Ասիայում ԱՄՆ ռազմական հրամանատարության ներկայացուցիչների հետ։ Փոխնախագահը հետաքրքրված էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի «անաչառ» գնահատմամբ։
Հրատարակությունը նշում է, որ Վենսը սկզբից դեմ է եղել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություններին և մասնակցել է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին։
Վենսը մանրամասն տեղեկություններ է խնդրել ԱՄՆ զինանոցների վիճակի և այն մասին, թե «ինչպես կազդի Մերձավոր Արևելք զենքի տեղափոխումը ԱՄՆ զինված ուժերի՝ Չինաստանին, Ռուսաստանին և Հյուսիսային Կորեային զսպելու կարողության վրա»։ Զինվորականները Վենսին տեղեկացրել են Patriot հակահրթիռային համակարգերի և այլ կարևորագույն զինամթերքի սպառման վերաբերյալ մտահոգությունների մասին։
Զինվորականների հետ զրույցներից հետո Վենսը լուրջ մտահոգություններ է հայտնել Վաշինգտոնի՝ Իրանի նկատմամբ ռազմավարության վերաբերյալ, գրում է թերթը՝ նշելով, որ իր ստացած տեղեկատվությունը զգալիորեն տարբերվում էր ԱՄՆ վարչակազմի հրապարակային հայտարարություններից։