Պերֆորմանսներ, ֆեստիվառներ, փառատոն-մառատոներ – Ազգ

Այս շաբաթ, թեեւ հանձնաժողովների մակարդակով վերսկսվել է նոր գումարման խորհրդարանի աշխատանքը, եւ այնտեղ հանձնաժողովների փոխնախագահներ էին ընտրում, բայց գիտակցաբար հետաձգեցի խորհրդարան գնալս մի շաբաթով, քանի այս խորհրդարանի նորամուտն Աժ ղեկավարություն ընտրելու առաջին երկշաբաթյա ժամանակում այնքան նյարդահան եւ ոչ ակնահաճո էր`նոր ընդդիմության եւ հին իշխանության միջեւ հարաբերություններ պարզելու առումով, որ մեզ ու ընթերցողին խղճալով մի շաբաթով էլ հեռացրի խորհրդարանում ավելի շատ միմյանց պատառոտելու, քան ժողովրդի խնդիրերը վեր հանելու տեսարանների մասին պատմելը:

Մեզ ավելի շատ հետաքրքիր է, թե մինչեւ տարեվերջ երկու շատ կարեւոր հարցերի ճակատագիրն ինչպե՞ս է վճռվելու` ԹՐԻՓՓ-ի ու Սահմանադրության փոփոխության, ու այդ հարցերն ի վերջո ի ՞նչ տեսքով են հասնելու խորհրդարան, դառնալով վերը նկարագրած խորհրդարանի` միմյանց դեմ կռվելու, այդ թեմաներով սեփական կուսակցական շահերը սպասարկելու հերթական փորձաքարերը:

Մինչդեռ այս պահին Հայաստանի բնակչությանը հուզում են այդ կենսական հարցերը, գումարած` չիրացվող գյուղատնտեսական ապրանքի, ռուսական կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելափակման, գազի գնի հնարավոր թանկացման, ինչու չէ`ռուսական կողմից գազի փականի փակել-բացելը քաղաքական մահակ դարձնելու հարցերը, սպասումները ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ, որի մասին Եվրահանձնաժոովի խոսնակ Պաուլա Պինյոն, նկատի առնելով մինչեւ 2029 թիվը դրան պատրաստ լինելու Հայաստանի ծրագրերը, ասել էր, թե ճշգրիտ թիվ նշելու համար դեռ վաղ է:

Էլի մի շարք հարցեր կան, որ հուզում են հայ հանրությանը, ռուսական ռազմաբազայի վերաբերյալ վերջին շրջանի ռուս-հայկական պոլեմիկան եւս անհանգստության տարրեր ունի իր մեջ հանրության համար:

Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններում բիշքեկյան շփումներից հետո լարվածությունն ավելի տեսանելի է, քանի որ ռուսական կողմը նույնիսկ վերջնագրային երանգներով վերջին շրջանում, այդ թվում Փաշինյան-Պուտին Բիշքեկյան հանդիպմանը, ԵԱՏՄ եւ ԵՄ միջեւ ընտրության վերաբերյալ Հայաստանից հստակություն է պահանջում եւ չի դադարում կիրառել տնտեսական սահմանափակումների գործիքը: Եթե առաջիկայում, ցրտի վրա հասնելու հետ, ռուսները կիրառեն նաեւ էներգետիկ գործիքը` Հայաստանին եվրաինտեգրման գործընթացից հետ պահելու համար, ապա նույնիսկ ԵՄ խոստացված ֆինանսները չեն կարող օգնել Հայաստանին` այս ձմեռ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամը: Եւ քաղաքական առումով կարող է Ռուսաստանի համար ոչինչ չնշանակել այն, որ հարաբերությունները Հայաստանն այժմ դիտարկում է ոչ թե որպես դաշնակցային, այլ փոխշահավետ, Ռուսաստանն իր բոլոր տնտեսական շահերը կցորդում է քաղաքականին :

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին փոխելով հարցերը չեն լուծվի, հարկավոր է ավելի հմուտ դիվանագիտություն:

Մենք գրել էինք, որ ՌԴ նախագահը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, առայժմ ժամկետներ չկան`ե՞րբ է տեղի ունենալու այդ հանդիպումը, եւ տե՞ղի է ունենալու արդյոք:

Այս հրապարակումը պատրաստելու պահին Փաշինյանը հանդիպում էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ այլ եվրոպաշտոնյաների հետ` միգուցե աջակցություն փնտրելով: Անկախ հնչած խոստումներից` Հայաստանը պետք է կարողանա ինքնուրույն կշռել իր որոշումների հետեւանքները մոտակա ամիսների համար, քանի որ ե’ւ Մակրոնը, ե’ւ Թրամփը, ե’ւ Ռուսաստանի խորհրդարանական էլիտան, մոտակա ընտրությունների հանգամանքով պայմանավորված, կարող են փոխվել (մոտակայում ՌԴ-ում Պետդումայի ընտրություններ են, ԱՄՆ-ում Սենատի ստորին պալատի միջանկյալ ընտրություններ, Ֆրանսիայում` նախագահական ընտրություններ)` հարցականի տակ դնելով բոլոր պայմանավորվածությունները:

Ռուսաստանին նյարդայնացնում է նաեւ ԹՐԻՓՓ-ը, մանավանդ այն լուրերի ֆոնին, որ Հարավկովկասյան երկաթուղու Հայաստանի հատվածը հայկական կողմը կուզենար կոնցենսիոն կառավարման տալ երրորդ կողմի, իսկ ԹՐԻՓՓ-ի առումով Ռուսաստանի մասնակցությունը բացառող իրավիճակում հնարավոր է միջինասիական հանրապետություններից ԹՐԻՓՓ-ին մասնակից եւ նույնիսկ Հայաստանի որոշ բաժնեմասի տեր դառնան (անգամ եթե սա լրատվական բադիկ է` շարժառիթը պետք է հասկանալ), բացելով ԹՐԻՓՓ-ով կապ Միջին Ասիայով դեպի Արեւելք եւ Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանը, այս դեպքում հասկանալի, բայց եւ անընդունելի է Ռուսաստանի վերջնագրային տոնը :

Մտահոգիչ է նաեւ այն, որ Հայաստանում ԱՄՆ հավատարմատար Դեյվիդ Ալենը Բաքվում է քննարկում Հայաստանով անցնող ԹՐԻՓՓ երթուղու ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկող կառավարող ընկերության ստեղծումը, արդյոք կարո՞ղ է լինել այնպիսի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն իր բաժնեմասի ինչ-որ տոկոս վաճառի Ադրբեջանին, ադպես լուծելով Իրանի` ԱՄՆ վերահսկող ուժերի ներկայությունն իր սահմանին բացառելու պահանջի եւ իր փոխարեն դա Ադրբեջանին արտապատվիրակելու հարցը (լսել ենք Ս. Խանդանյանի` դա բացառող պարզաբանումները, բայց դրանցից այս մտահոգությունները չեն վերանում): Ադրբեջանն արդեն իսկ մասնակցել է ԹՐԻՓՓ-ի համար անհրաժեշտ էլեկտրահաղորդման գծերի էլեկտրասյուների տեղադրման վայրերի ընտրությանը Հայաստանում:

Խնդրահարույց է նաեւ Արբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի պահվածքը, երբ նա բացահայտ ստում է, թե Վաշինգտոնում ընդւնված Եռակողմ հռչակագրում հիշատակում կա Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, եւ Ադրբեջանի հետ կարգավորումն ավարտելու համար Հայաստանի Սահմանադրությունը փոխելն անհարժեշտություն է, եւ այդ մասին նշված է Վաշինգտոնի Եռակողմ հռչակագրում: ԱԺ հանձնաժողովի մակարդակով (Սարգիս Խանդանյան) պատասխան կա, այո, որ սա չի համապատասխանում իրականությանը, բայց լավ կլինի դա հերքեն-Բայրամովին պատասխանեն ԱԳ նախարարն ու վարչապետը: Այլապես ընդդիմությունը հիմք ունի պնդելու, որ մինչեւ տարեվերջ հրապարակել խոստացված Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը Ադրբեջանի ցանկությունների ծիրում է:

Չնայած այսպիսի եւ մի շարք այլ անհանգստությունների` իշխանությունն անվրդով շարունակում է ծախսառատ մեծածավալ հանրային միջոցառումներ անցկացնել, որոնք բացի աղմուկից, միջոցների շռայլումից ոչինչ չեն տալիս ինչպես ձմռան դիմաց բազմաթիվ վախերով համակված հանրությանը, այնպես էլ անհատին, զանազան ֆեստ-փեստերը, փառատոն-մառատոները ավելի շատ իշխանության փիար-ին ծառայում, փող մսխելու, կամ ինչու չէ` փող լվանալու միջոց են: Ասենք` Գրքի երեւանյան փառատոնի բազմածավալ, բազմածախս, հյուրաշատ միջոցառումը, որտեղ ծավալվող բանախոսությունների, միջոցառումների հաճախ դիլետանտական որակը հարց է առաջացնում, թե ի՞նչ է տալիս մեծ դժվարությամբ տպագրության ֆինանս հայհայթող գրողին, կամ դժվարությամբ գիրք գնողին, բացի կրթության եւ մշակույթի նախարարության ցուցադրական-ցուցափեղկային կային «պտիչկայից», ի տես Եվրոպայի: Փող կա` գրականության տպագրությունը սուբսիդավորեք, ներդրեք իսկական արվեստ եւ գրականություն լույս աշխարհ բերելու մեջ, ոչ թե անիմաստ շաղ տվեք դատարկ ու ցուցադրական բաների վրա (անձամբ ես մարտին լույս տեսած գրքիս տպագրության ծախսի մեկ երրորդը դեռեւս պարտք եմ):

Այնպես որ դիտարկելով պայմանական անվանումով փողոցի միջոցառումները` ֆեստիվառներ, պերֆորմանսներ, փառատոն-մառատոներ եւ մեր ծակ բյուջեն` կարելի է զարմանալ այդ բյուջեի մսխման անպատասխանատվությունից եւ թեթեւությունից` մոտակա ձմռան հանդեպ թանկացումների եւ վախերի ֆոնին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Leave a Comment