Արցախի իշխանությունները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ սկսել են քաղաքական խորհրդակցություններ՝ նրանց դիրքորոշումը Արցախի պետական ինստիտուտների պահպանման և իշխանությունների հետագա գործունեության վերաբերյալ հստակեցնելու նպատակով, հայտարարել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ խորհրդակցությունները մեկնարկել են Հայաստանում 2026 թվականի ԱԺ ընտրություններից հետո ձևավորված նոր քաղաքական իրողությունների պայմաններում։ Քննարկումների օրակարգում են նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանի քաղաքական ուժերի հետ հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերը։
Իսկանդարյանը նշել է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը շարունակելու կամ դադարեցնելու հարցը «չի կարող մնալ ենթադրությունների կամ քաղաքական լռության տիրույթում»։ Նրա խոսքով՝ գործունեության դադարեցմանը կողմ քաղաքական ուժերը պետք է հրապարակայնորեն ներկայացնեն իրենց դիրքորոշումն ու ստանձնեն քաղաքական պատասխանատվություն, իսկ շարունակմանը կողմ ուժերը պետք է ներկայացնեն համագործակցության կոնկրետ քայլեր։
Պետնախարարի փոխանցմամբ՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բաց երկխոսության՝ բոլոր կողմերի դիրքորոշումները լսելու և հետագա համագործակցության հստակ մոդել ձևավորելու համար։
Այս պահին Արցախի նախագահի և ԱԺ նախագահի պաշտոնները թափուր են։
Հուլիսի 2-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հրաժարական էր տվել։ Նա այդ որոշումն անվանել էր «պետական կառույցը անձնական շահարկումներից և արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ»։ Մինչ այդ լրացել էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը և ԱԺ նախագահն իրականացնում էր նաև նախագահի պարտականությունները։
Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը սեպտեմբերի 2-ին հերքել էր ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Արցախի ԱԺ պատգամավորները չեն կարողանում քվորում ապահովել կամ նիստեր ու հավաքներ անցկացնել։Նա պարզաբանել էր, որ ԱԺ նիստերի և հավաքների անցկացումը ժամանակավորապես սառեցվել է՝ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։
