Իրանում սպասողական վիճակ է․ պատերազմի ավարտը տեսանելի չէ․ իրանագետ

Իրանում սպասողական վիճակ է․ պատերազմի ավարտը տեսանելի չէ․ իրանագետ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է՝ ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտվի ընտրություններից անմիջապես հետո․ «Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո, քանի որ Իրանն այլևս չի կարող դիմանալ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, թե Թեհրանն այս ընտրությունների վրա «ազդելու հուսահատ փորձեր» է անում:

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

-Ինչո՞ւ հենց ընտրություններից հետո կարող է ավարտվել պատերազմը, այլ ոչ առաջ։

-Թրամփի հայտարարությունների հիման վրա մենք չենք կարող եզրակացություններ անել, որովհետև հունվարի 28-ին, երբ պատերազմը մեկնարկեց, այդ ժամանակվանից ի վեր մենք հայտարարություններ ենք տեսնում, որ պատերազմը կավարտվի 2-3 շաբաթից։ Դեռ փաստ չէ՝ արդյոք այն կվերջանա ընտրությունների նախաշեմին, թե՞, օրինակ, ընտրություններից հետո։ Ու առհասարակ, այս առումով ժամկետների մասով չենք կարող հստակ պատկերացում ունենալ, բայց թե ընտրություններից առաջ ինչու չի կարող լինել, պատճառն այն է, որ այստեղ կա նաև իրանական գործոնը։ Այն հետևյալն է, իմ կարծիքով․ իրանական կողմի հաշվարկն այն է, որ այդ վիճակը պահպանվի, այսինքն՝ ճնշում լինի համաշխարհային տնտեսության վրա, որի մասին կխոսեն, և դա կազդի ոչ միայն համաշխարհային, այլև Ամերիկայի տնտեսության վրա՝ բենզինի, նավթի կամ էներգակիրների գնի աճի տեսքով, որն ամերիկացի ընտրողին կկողմնորոշի ոչ հանրապետականների օգտին քվեարկելու։ Այսինքն՝ իրանցիների հաշվարկներից մեկն էլ այն է, որ այդ միջանկյալ ընտրություններում հանրապետականները պարտվեն, ու այդ նպատակով իրենք ցանկանում են ճնշումը հնարավորինս պահպանել համաշխարհային մակարդակով։ Իրանցիներն այս առումով ևս սպասողական վիճակում են ու շատ հարցեր նաև այդ ընտրություններով են պայմանավորում։ Հետևաբար, այո, ինչ-որ առումով ընտրությունների արդյունքները կարող են որոշակի հեռանկար կանխորոշել, թե ինչ հունով կընթանան Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն այս մակարդակում։

-Ի՞նչ երաշխիքներ կան, որ կդադարեցվի։

-Այս պահի դրությամբ պատերազմի ավարտը տեսանելի չէ․ ավելի սպասելի է, որ հենց այդ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը կպահպանվի, քան թե կլինի վերջնական հանգուցալուծում, քանի որ որևէ տևական հանգուցալուծման համար կողմերը պետք է առնվազն ունենան մոտ դիրքորոշումներ կամ առնվազն երկխոսության հիմքեր։ Բայց այս պահի դրությամբ դա տեղի չի ունենում, փոխարենը կողմերից յուրաքանչյուրը փորձում է ամրապնդել իր ճնշման լծակը։ Իրանի դեպքում Հորմուզի նեղուցն է, տարածաշրջանի երկրների նկատմամբ ճնշումը, իսկ ԱՄՆ-ի դեպքում՝ տնտեսական ճնշումները, ծովային շրջափակումը։ Կողմերից յուրաքանչյուրը, պարզապես, փորձում է իր լծակն ամրապնդել, դիմացինինը՝ չեզոքացնել, ու այդ ամենի վերջը դեռ չի երևում։ Եվ եթե Միացյալ Նահանգները հաշվարկում է, որ իր ճնշման արդյունքում, ի վերջո, Իրանը զիջման է գնալու, իրանական կողմի դիրքորոշումն այս առումով շատ հստակ է՝ դիմադրել՝ չնայած այն ծանր տնտեսական կորուստներին, որ հիմա Իրանը կրում է։ Օրինակ՝ ռիալի փոխարժեքն է կրկին կտրուկ անկում ապրել, տնտեսական շատ այլ խնդիրներ կան․ Իրանը չի կարողանում նավթ վաճառել, որի հիման վրա ձևավորվում է երկրի եկամուտների մեծ մասը։ Տնտեսական խնդիրների առումով Իրանի դրությունը շատ բարդ է։ Ու Նահանգների հաշվարկն այն է, որ այդ տնտեսական դրության վատթարացումը Իրանում կարող է բողոքի ալիք բարձրացնել, ինչպես եղավ այս տարվա հունվարին։ Բայց Իրանը պատրաստվում է նաև այս սցենարին՝ վերահսկողությունն ուժեղացնելու տեսքով։ Այսինքն, կողմերն այս պահի դրությամբ անզիջում են ու ճնշումները շարունակում են տարբեր ճակատներով։ Իրանի դաշնակիցների դեպքում ևս կան ճնշումներ։

-Վաշինգտոնը մի կողմից խոսում է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը մեծացնելու, մյուս կողմից՝ հնարավոր բանակցությունների մասին․ սա հակասակա՞ն քաղաքականություն է, թե՞ ճնշումն օգտագործվում է որպես բանակցային լծակ։

-Ըստ էության, վերջին ամիսներին Իսլամաբադի հուշագրի ստորագրումից հետո, որը կարճ կյանք ունեցավ, կողմերի բանակցությունները միջնորդավորված բնույթ ունեն։ Եվ այն բանակցություններին, որոնք ընթանում էին մինչև, օրինակ, Իսլամաբադի հուշագրի կնքումը, մենք այլևս ականատես չենք․ տեսնում ենք ճնշման ավելացում, ընդ որում՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական։ Այստեղ Միացյալ Նահանգների հաշվարկը գուցե նաև այն է, որ Իրանի նկատմամբ ճնշումն ավելացնելով՝ կստիպի գնալ բանակցության և այնտեղ զիջումներ անել։ Բայց իրանական կողմի մարտավարությունն էլ այն է, որ ցանկացած գնով պատրաստ են դիմադրել, պատասխան հարված հասցնել․ այս առումով հիմնական խնդիրը հիմա կենտրոնացած է Հորմուզի նեղուցում, որտեղ ընթանում են հիմնական ռազմական գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում։ Սա տեղի է ունենում հիմնականում այն ռազմական օբյեկտների և ենթակառուցվածքների շրջանում, որոնք Իրանը կարող է օգտագործել Հորմուզում իր վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Իրանն էլ, իր հերթին, տարածաշրջանի ամերիկյան բազաներն է թիրախավորում, բայց այստեղ, իհարկե, նաև կա տնտեսական ճնշման գործոն։ Այսինքն, Իրանի նկատմամբ ծովային շրջափակումն է իրավիճակն ավելի բարդացնում, և այդ փակուղին, որն առաջացել է, իրականում ստեղծում է նաև նոր էսկալացիայի վտանգ։ Ընդ որում, կարող ենք ասել, վերջին օրերին արդեն ականատես ենք լինում կամ առնվազն էսկալացիայի ինչ-որ ցուցիչներ ենք նկատում, քանի որ փոխադարձ հարվածների մարտավարությունը և տրամաբանությունը, կարծես, փոխվում են։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment