«Առաջարկում եմ կրթական աստիճանը ստուգելու հետազոտություն անցկացնել նաև ԱԺ-ում»

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր դպրոցականների գիտելիքների մասին հետազոտությունը, որ ակտիվ կերպով քննարկվում է ֆեյսբուքում, անակնկալ չէ:

Ընդհանրապես մենք մեր մասին շատ բարձր կարծիքի ենք, լինի.

ա/ կրթության վիճակը,

բ/ պարզ մարդկային փոխհարաբերությունները,

գ/ քաղաքակիրթ բանավեճը,

դ/ բանակի վիճակը, նաև՝ այսօր, այնտեղի փոխհարաբերությունները…

Ձեքներդ դրեք որևէ ոլորտի վրա, վրայից մաքրեք փոշին ու առասպելները, և դուք, մենք կտեսնենք մեր իրական դեմքը:

Այնպես որ, կարևոր էր այս զեկույցի հրապարակայնացումը:

Հիմա այստեղ մի ուրիշ հարց կա:

Այսօրվանից մենք, որ մեր երեխաներին դպրոց ենք ուղարկել, փոխվելու ե՞նք, թե մեզ ավելի շատ հետաքրքրում է.

ա/ մեր երեխաներին կտրել փողոցից ու հեռախոսից և գիրք կարդալ սովորեցնել,

բ/ դպրոցում կարևորելո՞ւ ենք ուսուցումը, թե՞ թվանշանը.

գ/ կարևորելո՞ւ ենք մեր երեխաների հագուկապն ու ուսուցիչներին նվերների չափը, թե՞ իրական գիտելիքը:

Եվ վերջում:

Մեր իշխանական պատգամավորներից մեկը, ինչպես ես, չէի զարմացել, որ մեր դպրոցը աղետալի վիճակում է և ազգընտիրը գրել էր՝ կարդում ես լրատվամիջոցների վերնագրերը և հասկանում, թե ինչ կրթություն են ստացել:

Առաջարկում եմ կրթական աստիճանը ստուգելու հետազոտություն անցկացնել նաև մեր Ազգային ժողովում, և դա անել հրապարակավ, որպեսզի իմանանք, թե կրթական ինչպիսի մակարդակ ունեն մեր ազգընտիրները:

Վստահ եմ, խորհրդարանում էլ է նույն աղետը»:

Leave a Comment