Հրաժարվե՞լ ես ՀՀ քաղաքացիությունից․ վերականգնելու համար պետք է 5 տարի սպասել

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծը։ Կվերանայվի ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած անձանց կողմից քաղաքացիության վերականգնման կարգը: 

Ի՞նչ է առաջարկում նախագիծը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարված անձը քաղաքացիությունը վերականգնելու համար այլևս չի կարողանա անմիջապես դիմել։ Նոր նախագծով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու և դրա վերականգնման միջև սահմանել առնվազն 5 տարվա ժամանակային շեմ։

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխությունը

Գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած անձը կարող է այն հետագայում վերականգնել՝ առանց նվազագույն սպասման ժամկետի։ Նախագծի հեղինակների ուսումնասիրության համաձայն՝ գործնականում եղել են դեպքեր, երբ անձը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, իսկ կարճ ժամանակ անց սկսել է դրա վերականգնման գործընթացը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նման վարքագիծը կարող է պայմանավորված լինել տարբեր նպատակներով, այդ թվում՝ քաղաքացիությունից բխող որոշակի պարտավորություններից խուսափելու կամ դրանք հետաձգելու, իսկ հետագայում՝ քաղաքացիության հետ կապված իրավունքներից և արտոնություններից կրկին օգտվելու ցանկությամբ։

Ի՞նչ խնդիր է փորձում լուծել պետությունը

Նախագծի հեղինակները նշում են, որ քաղաքացիությունը միայն ձևական իրավական կարգավիճակ չէ, այլ պետության և անձի միջև երկարաժամկետ իրավաքաղաքական կապ։

Հետևաբար, քաղաքացիությունից հրաժարվելն ու կարճ ժամանակ անց այն վերականգնելը, ըստ հիմնավորման, չպետք է վերածվի իրավիճակային կամ գործիքային մեխանիզմի։

Ի՞նչ է առաջարկվում

Առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու և հետագայում այն վերականգնելու միջև սահմանել նվազագույն 5 տարվա ժամկետ։

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո անձը չի կարողանա անմիջապես վերականգնել այն․ անհրաժեշտ կլինի սպասել ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո սահմանված 5 տարվա ժամկետի լրանալուն։

Ի՞նչ փորձ է ներկայացվում

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիության վերականգնման տարբեր սահմանափակումներ կիրառվում են նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում և սկանդինավյան երկրներում։

Հիմնական մոտեցումն այն է, որ քաղաքացիությունից հրաժարումն ու դրա հետագա վերականգնումը չպետք է դիտարկվեն որպես ինքնաբերաբար իրար հաջորդող գործընթացներ։

Ո՞րն է փոփոխության նպատակը

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ 5 տարվա սահմանափակումը պետք է նպաստի քաղաքացիության ինստիտուտի կայունությանը, կանխի դրա իրավիճակային օգտագործումը և ամրապնդի քաղաքացիությունը՝ որպես պետության ու անձի միջև երկարաժամկետ կապի ընկալումը։

Leave a Comment