Ադրբեջանական Unikal.az կայքը գրել է, որ Վերոնիկա Զոնաբենդը կարող է մինչև հինգ տարվա ազատազրկման ենթարկվել, եթե մեկնի Բաքու՝ տեսակցելու իր ամուսնուն՝ ապօրինի պահվող հայ պատանդ Ռուբեն Վարդանյանին։
Կայքը որպես հնարավոր քրեական հետապնդման հիմք մատնանշել է Զոնաբենդի՝ 2022 թվականին Արցախ կատարած այցը՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջան «ապօրինի մուտք» և հղում անելով երկրի քրեական օրենսգրքին։
Սեպտեմբերի 8-ին Զոնաբենդը դիմել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով միասին մեկնել Բաքու և հանդիպել այնտեղ ապօրինի պահվող հայ պատանդներին։
Սիմոնյանը վերջերս հայտարարել էր, որ չի բացառում Ադրբեջան մեկնելու հնարավորությունը, սակայն չէր ասել, որ նման այցի վերաբերյալ որոշում արդեն կայացվել է։
«Ես պատրաստ եմ ձեզ հետ մեկնել Բաքու», գրել է Զոնաբենդը՝ հավելելով, որ նույն պատրաստակամությունն ունեն նաև մյուս պատանդների հարազատները։
Նա Սիմոնյանին նաև հարցրել է՝ արդյոք Բաքու հնարավոր այցի ընթացքում պատրաստվում է հանդիպել հայ պատանդներին և մինչ մեկնելը հանդիպել նրանց ընտանիքներին՝ լսելու նրանց խնդրանքներն ու փոխանցելու նամակներ։
Unikal.az-ը Զոնաբենդի հնարավոր ազատազրկման մասին գրել էր դեռ օգոստոսի 31-ին՝ անդրադառնալով Forbes Woman-ին նրա տված հարցազրույցին։
Այդ հարցազրույցում Զոնաբենդը պատմել էր Բաքու միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու իր ջանքերի մասին։ Նրա նպատակն է պատանդներին փոխանցել ընտանիքների նամակներ, լուսանկարներ և անձնական իրեր՝ նախապես ստանալով անվտանգության երաշխիքներ պաշտոնական և դիվանագիտական ուղիներով։
Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական ուժերը պատանդ են վերցրել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Բերձորի (Լաչինի) միջանցքի անցակետում՝ Արցախից հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանության ընթացքում։
2026 թվականի փետրվարին Բաքվի ռազմական դատարանը Վարդանյանին ապօրինի դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Նա շարունակում է ապօրինի պահվել Ադրբեջանում՝ մյուս հայ պատանդների հետ։