Փարիզի բազմազգ ու հորձանուտ միջավայրում ազգային ինքնությունն ու մշակույթը պահպանելը ոչ թե պարզապես ցանկություն է, այլ ամենօրյա գոյապայքար։ Այդ պայքարի առաջամարտիկներից է բանաստեղծուհի, նկարչուհի, Փարիզում գործող «Նռանի» մշակութային կազմակերպության հիմնադիր-նախագահ Աննա Մաչկալյանը։
«Սփյուռքի ձայնը» հաղորդման ընթացքում նա բացառիկ անկեղծությամբ անդրադարձել է արտերկրում հայ մնալու բարդություններին, լեզվի կորստի վտանգին, պոեզիային, գեղանկարչությանը և ազգային բնավորության առանձնահատկություններին։
Արմատներ․ Լոռվա Գյուլագարակից մինչև Փարիզի Սորբոնի համալսարան
Աննա Մաչկալյանը ծնվել է Լոռվա չքնաղ Գյուլագարակ գյուղում՝ Ստեփանավանի հանրահայտ Դենդրոպարկի հարևանությամբ, իսկ պատանեկությունն անցկացրել է Երևանում։ Շուրջ քսան տարի առաջ նա մեկնել է Ֆրանսիա, ավարտել Փարիզի Սորբոնի համալսարանի գրականության և արվեստի բաժինը, այնտեղ ընտանիք կազմել և հաստատվել։
Չնայած եվրոպական միջավայրում ապրած տարիներին՝ հայրենի բնությունն ու ծննդավայրը մնում են նրա գլխավոր ներշնչանքը․«Ես աշխարհով մեկ շրջել եմ, շատ բուսաբանական այգիներ եմ տեսել, բայց ոչ մի այգի չի համեմատվի մեր Դենդրոպարկի հետ։ Այնտեղ է իմ մանկությունը, իմ հոգու հենարանը»։
Խառնամուսնությունն ու հայեցի դաստիարակությունը
Աննան ամուսնացած է ֆրանսիացու հետ, և ունի 17-ամյա դուստր։ Անդրադառնալով Սփյուռքում խառնամուսնությունների և ձուլման ցավոտ թեմային՝ նա նշում է, որ հայ կինը հաճախ կարողանում է օտարին ավելի հայ դարձնել և ամուր պահել զավակների կապը Հայաստանի հետ․«Իմ աղջիկը կիսով չափ ֆրանսիացի է, կիսով չափ՝ հայ, բայց արմատներով ու հոգով շատ ավելի ձգտում է դեպի Հայաստանը։ Գնում է հայկական պարի, սկաուտների, իր բոլոր զբաղմունքները հայկական են։ Օտարության մեջ հայ կնոջ ինքնապաշտպանության բնազդն ավելի է արթնանում, զգոնությունը մեծանում է, և երեխայի հայեցի մեծանալու հարցով սկսում ես ավելի շատ զբաղվել, քան երբեմն անում են զուտ հայկական ընտանիքներում»։
«Դեժավյու»․ կարոտն ու արմատախիլ ծառի ցավը
Աննա Մաչկալյանի «Դեժավյու» բանաստեղծությունների ժողովածուն ներկայացվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք քաղաքներում։ Նրա գրականության առանցքում անհանգիստ կարոտն է և հայրենի հողից հեռու ապրող մարդու ներքին ճիչը․«Մի հասունացած ծառ արմատախիլ ես անում ու տեղափոխում լրիվ այլ միջավայր։ Իբրև թե պարարտ հող է, բայց կլիման ուրիշ է, ջուրն ուրիշ է… Ես անգամ այդպիսի կտավ ունեմ՝ լացող ծառ, որի արմատները խրված են հողի մեջ, բայց շուրջը թեև ուրախ է, ինքը տխուր է։ Շատ կարևոր է՝ մարդը որտեղ է ծնվել. էներգիան միայն այդտեղից ենք ստանում»։
Այդ կարոտից են ծնվել նաև նրա հայտնի տողերը հայ մարդու հակասական բնույթի մասին․«Ամեն ծնվող տղա թագավորն է իր մոր, դրա համար մեր երկիրը չունի թագավոր…»։
Լեզվի կռիվն ու «Նռանի» կազմակերպության առաքելությունը
Հասկանալով, որ Սփյուռքում նոր սերունդն արագորեն կորցնում է մայրենի լեզուն՝ Աննան Փարիզում հիմնադրել է «Նռանի» կազմակերպությունը։ Նա ստեղծել է մեկօրյա դպրոց՝ դռները բացելով նաև արևելահայերենի համար, ինչը նորություն էր ավանդաբար արևմտահայերեն կրթություն առաջարկող գաղթօջախում․«Արևմտահայերենի պահպանումը համազգային հարց է, այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ—ի վտանգված լեզուների ցանկում։ Բայց վերջին 30 տարիներին Հայաստանից եկած հարյուրավոր երեխաներ կան, ովքեր խոսում են արևելահայերեն։ Չէր կարելի նրանց անտեսել։ Պետք է երկու ճյուղերն էլ հավասարապես պահել»։
«Նռանի»-ի շրջանակներում նա հիմնադրել է նաև հայկական թատրոն, որը ներկայացումներ է ունեցել Փարիզի Մոնմարտրի «Գալաբրյու» թատրոնում, Իսի լե Մուլինոյի հայկական եկեղեցում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում՝ հայերենով ներկայացնելով Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը»։



Գեղանկարչություն՝ մարգարեական կտավներով
2012 թվականից Աննա Մաչկալյանը սկսել է նաև նկարել։ Շվեյցարացի վարպետ Ժիլբերտի մոտ դասական ակադեմիական գիտելիքներ ստանալուց հետո նա ֆրանսախոս նկարիչների հետ ստեղծել է միավորում, որն այսօր ունի ավելի քան 100 անդամ և պայքարում է դասական, Վերածննդի շրջանի կանոնները պահպանելու համար։
Նրա նկարներն աչքի են ընկնում վառ գույներով ու խորհրդանշական բովանդակությամբ։ Հատկանշական է 2012-ին նկարած «Հայաստան» տրիպտիխի պատմությունը․«Երեք մասից պետք է լիներ, բայց երրորդ մասը՝ Արցախը, այդպես էլ չկարողացա ավարտել։ Ներքին մեծ անհանգստություն ունեի, չգիտեի՝ ինչու։ Եվ դա հասկացա միայն 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ մեր նուռը տարբեր կողմերից հարվածներ ստացավ…»։
Առաջ շարժվել՝ առանց հանձնվելու
Աննա Մաչկալյանը համոզված է, որ հայ ժողովուրդը պետք է դուրս գա անհոգության թմբիրից, դադարի միամիտ լինել աշխարհաքաղաքական շահերի հանդեպ և համախմբվի ոչ թե ծայրահեղ պահերին, այլ ամեն օր․«Չպետք է թողնենք, որ դանակը հասնի ոսկորին, նոր միայն հերոսանանք ու համախմբվենք։ Ամեն ազգ իր շահն ունի, մենք պետք է կարողանանք տեր կանգնել մեր ունեցածին։ Երբ անապատով քայլում ես առանց ջրի և առանց հենման կետի, բայց հեռվում տեսնում ես քո նպատակի լույսը, դու այլևս չես զգում ոտքերիդ այրվելը։ Դա է թևավոր Պեգասը»։
Այսօր Աննա Մաչկալյանը շարունակում է աշխատել նոր պիեսների և պատմվածքների վրա՝ հույս ունենալով դրանք բեմադրված տեսնել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ հայրենիքում։