Ինձ համար երաժշտությունն ապրելակերպ է, ու թեև երկար տարիներ ապրում և ստեղծագործում եմ Ֆրանսիայում, սակայն բաց չեմ թողնում հայրենիքում հանդես գալու հնարավորությունը. մի առիթով ասել է ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան)։
Քչերին է հայտնի, որ Ադամ Բարրոն (Կոմիտասի անվան երեք շքանշանակիր) արտիստի կեղծանունն է՝ անվան և ազգանվան քառատառ հապավումների միաձուլումը։
Լինելով ծնունդով Լենինականից (Գյումրի), այսօր արվեստագետը կարոտով է հիշում իր մանկության երջանիկ օրերը. փոքրիկ Մուրադիկը սովորում էր Գյումրու երգչախմբային ընկերությունում (խմբավար՝ Օլյա Նազարյան, վոկալ՝ Վարդուհի Աթոյանի դասարաններ). փառատոների ժամանակ Հայաստանի բոլոր քաղաքներից գալիս էին Երևան և Երգչախմբային ընկերությունում իրենք՝ գյումրեցիները, այն ժամանակվա հայտնի խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարությամբ՝ կատարում էին հանրահայտ «Կումայրի» երգը, որում հենց իրեն՝ Մուրադին էր վստահված մենակատարի առաջին դերերգը։
Ավա՜ղ, 1988-ի ավերիչ երկրաշարժն այդ ամենն ընդհատեց։ Երկրաշարժին զոհ գնացին հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Մուրադի ծնողները։
Մուրադին խնամել են իր տատիկն ու պապիկը։
1989 թվականի ամառը Մուրադի համար շրջադարձային եղավ։
Նա տասնմեկ երեխաների հետ մեկնեց Ֆրանսիայի հարավային հատված, որպեսզի այնտեղ անցկացնի իր ամառային արձակուրդը:
Փարիզում նրանց սպասում էր ջերմ ընդունելություն, որը կազմակերպել էր հայկական համայնքը։
Ադամ Բարրոն հիշում է.
«…Ֆրանսիան կարծես ամոքեց իմ բոլոր վերքերը…
Եվ ես որոշեցի կրկին վերադառնալ այնտեղ՝ իբրև իմ երկրորդ Հայրենիք…»։
Այդ իղձը, որը Մուրադը պահել էր իր մեջ, իրականացավ ավելի ուշ՝ ավելի քան տասներեք տարի անց։
Մուրադ Ամիրխանյանն ավարտեց Երևանի թիվ 134 միջնակարգ դպրոցը: Ապա 1993 թվականին ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժին (օպերային երգիչ Ռազմիկ Պապիկյանի, պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարաններ)։
Արդեն ուսանող տարիներից նա բուռն համերգային ելույթներ էր ունենում անվանի դիրիժորներ Օհան Դուրյանի, Լորիս Ճգնավորյանի, Արամ Ղարաբեկյանի, Զավեն Վարդանյանի հետ։
Այնուհետ՝ 2000 թվականից, Մուրադ Ամիրխանյանն իր հետագա կյանքն ու գործունեությունը կապեց Ֆրանսիայի հետ։
Ֆրանսիան բացեց մի նոր դուռ, նոր ավյուն, նոր մտահորիզոն օպերային արտիստի համար։
Այսպես, Եվրոպայի գրեթե ամենախոշոր մշակութային կրթօջախներում, ինչպիսիք են «École Normale de Musique de Paris»-ը, «Schola Cantorum»-ը, Մուրադ Ամիրխանյանը շարունակում է իր հետագա ուսումը՝ է´լ ավելի խորացնելով գիտելիքները վոկալ ասպարեզում Փարիզի օպերային թատրոնի երգչուհի, պրոֆեսոր Կարոլին Դյումայի, Հռոմի օպերային թատրոնի երգչուհի, պրոֆեսոր Աննա Մարիա Բոնդիի և վերոնշյալ հաստատությունների այլ մեծանուն ուսուցիչների մոտ։
Բարձրագույն դիպլոմները մի նոր ասպարեզ բացեցին արդեն Ադամ Բարրո անունով հանդես եկող երգչի համար։
Ֆրանսիայում Ադամ Բարրոն հետևել է աշխարհահռչակ բաս-բարիտոն Գաբրիել Բաքիեին և օպերային արվեստի ամենակարկառուն դեմքերին՝ ինչպիսիք են Սեսիլիա Բարտոլին, Ժոզե վան Դամը, Ֆրանսուա լը Ռուն, Միրելյա Ֆրենին, Թերեզա Բերգանցան, որի արդյունքում նրա բեմական կեցվածքն ու երգեցողությունը նոր որակ ստացան։
Այդ առումով հատկանշական է Դոն Պասկուալեն՝ արտիստի ամենասիրված դերերգը՝ Գաետանո Դոնիցետտի «Դոն Պասկուալե» օպերայից, որը նա խաղացել է Իսպանիայի Կաստեյոն օպերային թատրոնում (դիրիժոր՝ Կլաուս Սալման 2007):
Ռեժիսոր Կորինա վան Էյքի հրավերով Ադամ Բարրոն Նիդերլանդներում, 2000-ականներին իրականացրել է երեք օպերային նախագիծ։
2006-ին, «Opera Spanga»-ում Ադամ Բարրոն յոթ անգամ մասնակցել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի ներկայացմանը՝ Կոմանդորի դերում (դիրիժոր՝ Դավիթ Լևի)։
Երկրորդ ծրագիրը կապված էր Կամիլ Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա-ֆիլմի նկարահանման հետ, որում Նիդերլանդներում արդեն իսկ ճանաչված Ադամ Բարրոն մարմնավորեց սատրապ ԱբիՄելեքի դերերգը։
Նիդերլանդուհի ռեժիսոր Էյքի և Բարրոյի երրորդ նախագիծը նույնպես կինեմատոգրաֆիկ էր, որն առնչվում էր արդեն Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի Սպարաֆուչիլեյի կերպարի կերտման հետ։
Ադամ Բարրոն կարողացավ իր մայրենի լեզվով հաղորդակցվել նաև աշխարհի տարբեր լսարանների հետ։
Ահավասիկ, Ադամ Բարրոյի ամառային այցն էլ իր Հայրենիք լի էր ստեղծագործական գեղեցիկ անակնկալներով։
Այսպես, երգիչը կազմակերպեց երեք մենահամերգ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1725 ամյակին։
Առաջին համերգը հուլիսի 21-ին էր՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում։
Հուլիսի 22-ին համերգ-ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Գյումրիի Սուրբ Աստվածածին («Յոթ Վերք») եկեղեցի։
Հոգևոր երաժշտության երեկոներն ամփոփվեցին հուլիսի 25-ին՝ Կապանի աետական արվեստների քոլեջում։
Ադամ Բարրոյի երկացանկը կազմված էր բացառապես արևմտա-եվրոպական դասականների և անցյալ դարերի հայ հոգևորականների եկեղեցական երաժշտությունից։
Ադամ Բարրոյի կատարմամբ հնչեցին Սեզար Ֆրանկի «Ave Maria», «Panis Angelicus», Գաբրիել Ֆորեյի «Libera me» ռեքվիեմից, Ֆրանչեսկո Դուրանտեյի «Vergin, tutto amor», Ժորժ Բիզեյի «Agnus Dei», Արա Պարթևանյանի «Տաղ Սուրբ Աստվածածնայ», Մակար Եկմալյանի «Հորժամ», Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան», Մարիամ Պոզապալյանի «Էջմիածին», Հայր Կոմիտասի «Տեր ողորմեա», «Հայրապետական Մաղթերգ» և այլ ստեղծագործություններ։
Հարկ է նշել, որ Ադամ Բարրոյի (բաս-բարիտոն) «երրորդաց» համերգաշարի մշտական ուղեկիցն էր հայտնի երգեհոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Գարրի Եփրիկյանը։
Ադամ Բարրոն հարցազրույցում նշել է.
«…Սա արդեն այս տարում իմ երկրորդ այցն է Մայր Հայաստան և հուսամ, որ տարին կեզրափակեմ իմ երրորդ այցելությամբ՝ Սուրբ Երրորդությամբ…
Ես հասցրեցի այս անգամ ձայնագրել Տորոնտոյում բնակվող հայ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի «Երկիր Հայրենի» հիմնը (խոսք՝ Վահան Վերմիշյանի)։
Ի դեպ, այս ստեղծագործության պրեմիերան կայացավ Փարիզի Սուրբ Խաչ հայկական կաթողիկե եկեղեցում, որը նույնպես ես էի կազմակերպել ապրիլի 24-ին՝ նվիրված Մեծ եղեռնի 111-րդ տարելիցին։
Ինձ համար «Երկիր Հայրենի» ստեղծագործությունը շատ կարևոր էր, քանզի ես չեմ ուրանում իմ Մասիսը, ես չեմ ուրանում իմ հավատքը, և ես այն հայ քրիստոնյան եմ, ով խիզախ է, քանի որ Քրիստոս սիրում է խիզախներին…»։
Նանա Մարգարյան