
Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆեյսբուքյան էջում։
«Սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ:
Սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառումներ. խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։
Խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։
Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է»,- նշված է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
Կենտրոնը հայտնում է, որ նմուշառումները կրելու են շարունակական բնույթ: