
Ադրբեջանի երկու քաղաքացիներ զոհվել են, եւս երկուսը վիրավորվել են Սեւ ծովում TEDY բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ նավը, որի անձնակազմում ադրբեջանցիներ են եղել, հարձակման է ենթարկվել սեպտեմբերի 9-ին։ Վիրավորներին տեղափոխել են ուկրաինական Չեռնոմորսկի հիվանդանոց։
Բաքուն հայտնել է, որ կապ է պահպանում երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ տեղի ունեցածի հետ առնչություն ունեցող պետությունների իշխանությունների հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հարձակման մանրամասները չի հստակեցրել։ VesselFinder-ի տվյալներով՝ TEDY-ն մոտ 30 մետր երկարությամբ փոքր քարշակ է, որը կարող է նաեւ օգտագործվել որպես մատակարարման նավ։ Նավը կառուցվել է 1995 թվականին եւ նավարկում է Սոմալիի դրոշի ներքո։
Բեռնանավի՝ նավահանգստում գտնվելու վերջին նշված վայրը Ռումինիայի Կոնստանցան էր, որտեղից այն դուրս է եկել սեպտեմբերի 7-ին։