«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և 3 մլն դրամ փոխհատուցում վճարել վիրավորանքի համար, տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 9-ին։ Հայցի հիմքում Փաշինյանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի հրապարակային ելույթի ընթացքում Կարապետյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն են, որոնք հայցվորը վիրավորական է համարում։
Կարապետյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին վարչապետի պաշտոնական Facebook-յան էջի ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ 2026 թվականի մայիսի 29-ի ելույթի ընթացքում իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։
Հայցվորը պահանջում է, որ տեսանյութը հրապարակվի «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո, իսկ տեսանյութն ու խորագիրը չպետք է պարունակեն Փաշինյանի կամ որևէ երրորդ անձի կողմից որևէ հավելում կամ մեկնաբանություն։
Բացի այդ, Կարապետյանը պահանջում է Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը։ ներառյալ պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրությունը։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Կարապետյանի ներկայացուցիչը փաստաբան Վարդան Ալոյանն է։
Ավելի վաղ Փաշինյանն ինքն էր երկու հայց ներկայացրել Կարապետյանի դեմ։ Երկրորդ հայցը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել հունիսի 10-ին և վերաբերում է Կարապետյանի՝ մայիսի 25-ի հայտարարությանը, թե վարչապետը Կանադայում տուն ունի։ Փաշինյանն այդ պնդումը զրպարտություն է համարում և պահանջում է հրապարակային հերքում, ինչպես նաև 6 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Առաջին հայցը Փաշինյանը ներկայացրել էր մայիսի 7-ին՝ Կարապետյանի՝ «հալյուցինոգեն սնկերի» վերաբերյալ հայտարարությունների պատճառով։ Վարչապետը նաև հայտարարել էր երրորդ հայց ներկայացնելու մտադրության մասին՝ կապված Հայաստան 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրերի վերաբերյալ հայտարարությունների հետ։
Կարապետյանն իր հերթին մայիսի 29-ին հայց էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով հերքում և հրապարակային ներողություն։
