Հայաստանի 15-ամյա դպրոցականները PISA 2025-ի ընթերցանության թեստում Հարավային Կովկասի երեք երկրների շարքում ամենացածր միջին արդյունքն են գրանցել՝ 348 միավոր, վկայում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած զեկույցը։ Վրաստանի դպրոցականների միջին արդյունքը կազմել է 384, Ադրբեջանինը՝ 374 միավոր։
Հայաստանում աշակերտների միայն 19%-ն է ընթերցանությունից հասել առնվազն բազային՝ 2-րդ մակարդակին՝ OECD երկրների միջին 69%-ի դիմաց։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 39%, Ադրբեջանում՝ 35%։
Ընթերցանության 2-րդ մակարդակին հասած աշակերտները կարողանում են, մասնավորապես, առանձնացնել միջին երկարության տեքստի հիմնական միտքը, գտնել անհրաժեշտ տեղեկությունը և գնահատել տեքստի նպատակը կամ ձևը։
OECD-ի տվյալներով՝ Հայաստանում գրեթե ոչ մի աշակերտ չի հասել ընթերցանության ամենաբարձր՝ 5-րդ և ավելի բարձր մակարդակներին։ OECD երկրներում միջինում այդ մակարդակին հասնում է աշակերտների 6%-ը։ Այդ մակարդակի աշակերտները կարողանում են հասկանալ ծավալուն և բարդ տեքստեր, աշխատել վերացական գաղափարների հետ և տարբերակել փաստն ու կարծիքը։
PISA 2025-ի արդյունքներով՝ Հայաստանը OECD-ի միջինից ցածր ցուցանիշներ է գրանցել նաև մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից։ Երկու ուղղություններով էլ հայաստանցի աշակերտների 28%-ն է հասել առնվազն բազային՝ 2-րդ մակարդակին։ Մաթեմատիկայից OECD երկրների միջին ցուցանիշը 65% է, բնագիտական առարկաներից՝ 74%։ Մաթեմատիկայից ամենաբարձր՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակին հասել է հայաստանցի աշակերտների շուրջ 1%-ը, իսկ ընթերցանությունից և բնագիտական առարկաներից նման արդյունք գրեթե ոչ մի աշակերտ չի գրանցել։
Միևնույն ժամանակ հետազոտությունը Հայաստանում արձանագրել է կրթական արդյունքների համեմատաբար փոքր կախվածություն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակից։ Բնագիտական առարկաներից առավել և նվազ ապահովված աշակերտների արդյունքների տարբերությունը Հայաստանում կազմել է 39 միավոր՝ OECD երկրների միջին 85 միավորի դիմաց։
Սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտների շուրջ 22%-ը բնագիտական առարկաների արդյունքներով ընդգրկվել է լավագույն արդյունք գրանցած աշակերտների քառորդում։ OECD երկրների միջին ցուցանիշը 12% է։
Հետազոտությունը ցույց է տվել նաև դպրոցների ռեսուրսների հետ կապված խնդիրներ։ Հայաստանում աշակերտների 49%-ը սովորում է այնպիսի դպրոցներում, որոնց տնօրենների գնահատմամբ՝ ուսումնական նյութերի պակասը որոշ չափով խոչընդոտում է ուսուցմանը, իսկ 39%-ի դեպքում նշվել են ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ։
Միաժամանակ աշակերտների մեծ մասը դրական է գնահատել ուսուցիչների աջակցությունը։ Հարցվածների 81%-ը նշել է, որ ուսուցիչները հետաքրքրված են յուրաքանչյուր աշակերտի առաջադիմությամբ, 83%-ը՝ որ ուսուցիչը շարունակում է բացատրել նյութը մինչև այն հասկանալի դառնալը, իսկ 84%-ը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օգնություն է ստանում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը PISA 2025-ի արդյունքները բացատրել է կրթական ցուցանիշների համաշխարհային անկման միտումով։ Նախարարության տվյալներով՝ OECD երկրներում վերջին տասնամյակում միջին արդյունքները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։
Միաժամանակ նախարարությունն արդյունքները գնահատել է անբավարար և նշել, որ դրանք վկայում են կրթական համակարգում առկա խնդիրների մասին։ ԿԳՄՍՆ-ն նաև ընդգծել է, որ հետազոտությանը մասնակցած աշակերտները հիմնականում սովորել են հանրակրթության նախորդ չափորոշիչով։ Գերատեսչության գնահատմամբ՝ PISA 2025-ի տվյալները կարող են ելակետ դառնալ նոր չափորոշչի և իրականացվող կրթական բարեփոխումների հետագա արդյունքները գնահատելու համար։
Հայաստանը PISA միջազգային գնահատմանը մասնակցել է առաջին անգամ։ 2025 թվականի մարտից մայիս թեստավորմանը մասնակցել է Հայաստանի 295 դպրոցի շուրջ 7000 աշակերտ։
PISA-ն OECD-ի միջազգային գնահատման ծրագիր է, որը մեկնարկել է 2000 թվականին։ Այն գնահատում է 15-ամյա աշակերտների՝ ընթերցանությունից, մաթեմատիկայից և բնագիտությունից ստացած գիտելիքները իրական իրավիճակներում կիրառելու, տեղեկատվությունը վերլուծելու և խնդիրներ լուծելու կարողությունները, ինչպես նաև քննադատական մտածողությունը։
PISA 2025-ի գնահատմանը մասնակցել է 91 երկիր և տնտեսություն։ 2000 թվականից ի վեր ծրագրին մասնակցել է ավելի քան 100 երկիր և տնտեսություն։ Հաջորդ PISA հետազոտությունը նախատեսված է 2029 թվականին։
