Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ հանդիպում կարող է կայանալ․ Թրամփ – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի զրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և բարձրացրել է պատերազմին վերջ դնելու նպատակով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը։

«Եթե Զելենսկին ցանկանում է գործարք կնքել, դա շատ լավ կլինի»,- ասել է Թրամփը։ Նա, սակայն, նշել է, որ խոչընդոտող հանգամանք է մնում Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հարաբերությունների խնդիրը, քանի որ, ինչպես նկատել է ԱՄՆ նախագահը, նրանք «ատում են միմյանց»։

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները հանգստյան օրերին հանդիպումներ են ունեցել Զելենսկու և Պուտինի հետ։ Ուիթքոֆը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում «էական առաջընթաց» է գրանցվել։

Միևնույն ժամանակ, Կրեմլը հայտարարել է, որ Մոսկվան տեղեկացված չէր ամերիկյան բանագնացների հետ հանդիպումներից հետո Կիևի դիրքորոշման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը ստացել է նման տեղեկատվություն։

Մեկնաբանելով Ուկրաինայի հարցով Ուիթքոֆի և Քուշների կողմից բանակցությունների վերսկսումը՝ Պեսկովը նշել է, որ ամերիկյան կողմն այժմ ավելի քիչ է զբաղված Իրանի հետ կապված խնդիրներով և կարողացել է շարունակել շփումները Ուկրաինայի վերաբերյալ։ «Դա լավ է, դա շատ դրական է, սակայն իրական առաջընթացը դեռ առջևում է»,- ասել է նա։

Ավելի վաղ Պուտինն ու Թրամփը քննարկել էին Ուիթքոֆի և Քուշների՝ ռուսական և ուկրաինական կողմերի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Leave a Comment