Բյուրեղ թաղամասում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ավելի վաղ ձերբակալված 33-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելք և գրավ խափանման միջոցները։
Armenia Today-ը Քննչական կոմիտեից տեղեկացել է, որ դեպքի առնչությամբ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի միջոցով, առավելագույն պատիժը՝ մինչև 8 տարվա ազատազրկում-խմբ․)։ ՔԿ-ում դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է։
ՆԳՆ-ն սեպտեմբերի 9-ին տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ սեպտեմբերի 4-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Արշակունյաց պողոտայում գտնվող թաղամասում 33-ամյա տղամարդու և մեկ այլ անձի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին։
Ըստ ՆԳՆ-ի՝ վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը, հասարակական կարգը կոպտորեն խախտելով, բարձրաձայն հայհոյանքներ էր հնչեցրել, ապա «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել հրազենի նմանվող առարկա և հետապնդել մյուս անձին։
ԶԼՄ-ները գրել էին, որ 33-ամյա տղամարդը վիճաբանել է թաղամասի անվտանգության աշխատակցի հետ՝ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ։ ԶԼՄ-ները նաև հավելել էին, որ թաղամասի անվտանգության աշխատակիցներն են միջամտել և կանխել միջադեպի հետագա զարգացումը։ 33-ամյա տղամարդուն ձերբակալվել էին խուլիգանություն կատարելու կասկածի հիմքով և ներկայացրել քննչական բաժին։
