Հովիկ Աբրահամյանը դատական հայց է ներկայացրել լրատվականի դեմ և պահանջել 6մլն դրամ փոխհատուցում

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատական հայց է ներկայացրել ԱՐՄ ՊՈՒԼՍ լրատվականի դեմ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Աբրահամյանը հայցապահանջում ներկայացրել է, որ կայքի կողմից հրապարակված հոդվածում կատարված հրապարակային արտահայտությունները և ներկայացված փաստացի տվյալները, սուտ են, չեն համապատասխանում իրականությանը` զրպարտություն են, որոնք արատավորում են հայցվոր Հովիկ Աբրահամյանի պատիվը և արժանապատվությունը։

Հայցվորը դատարանից խնդրել է՝

Պարտավորեցնել պատասխանող «ԱՐՄ ՊՈՒԼՍ»ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ 25.08.2026 թվականինին «ArmPulse.am» վերնագրով կայքում՝ «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ»․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» վերնագրով տեսանյութում զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ հետևյալ ձևով. Տեղադրել հայտարարություն Պատասխանողի՝ «ArmPulse.am» կայքում և Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, հետևյալ բովանդակությամբ. «Հերքում ենք «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ»․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» վերնագրով հոդվածում Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ մեր կողմից կատարված արտահայտությունները՝ խարդախության եղանակով խոշոր գումար շորթելու և ճնշում գործադրելու մասին, հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը»:

Պատասխանող «ԱՐՄ ՊՈՒԼՍ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Հովիկ Աբրահամյանը որպես փոխհատուցման գումար պահանջել է 6․000․000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ:

Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին, նույն օրը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արտուշ Ավագյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու որոշման վերաբերյալ տվյալներ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

Leave a Comment