Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել չապահովագրված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման գործող կարգավորումները։ Նախագծով նախատեսվում է վերացնել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարարական ծառայողների համար սահմանված 200 հազար դրամ աշխատավարձի շեմը, հստակեցնել երեխաների համար անհետաձգելի օգնության տրամադրումը և փոխել ազգային հավաքականների անդամների հերթագրման կարգավորումը։
Ի՞նչ է փոխվելու և ո՞ւմ է վերաբերում առաջարկը․
1․ Զինծառայողի կամ փրկարարի աշխատավարձն այլևս սահմանափակում չի լինի
Գործող կարգավորմամբ բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից կարող են օգտվել զինծառայողները, նրանց հավասարեցված անձինք և փրկարարական ծառայողները, եթե նրանց աշխատավարձը 200 հազար դրամից ցածր է։
Նախագծով առաջարկվում է այդ սահմանափակումը հանել։
Այսինքն՝ եթե փոփոխությունն ընդունվի, 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու հանգամանքն ինքնին չի զրկի այս խմբերին համապատասխան բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ գործող շեմը նույն կարգավիճակն ունեցող մարդկանց տարբերակում է միայն ստացած աշխատավարձի չափով։
2․ Մինչև 18 տարեկան երեխաների համար համավճար չի կիրառվի
Փոփոխություն է նախատեսվում նաև բժշկական ծառայությունների համավճարի մասով։
Գործող կարգավորմամբ որոշ անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ տրամադրվում են համավճարային պայմաններով։ Նախագծով առաջարկվում է հստակ նշել, որ այդ կարգավորումը գործում է բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների։
Այսպիսով, նախատեսվում է հստակեցնել, որ երեխաների նկատմամբ տվյալ համավճարը չի կիրառվում։
3․ Մարզիկների համար հերթագրման կարգը կվերանայվի
Փոփոխության մեկ այլ ուղղություն վերաբերում է Հայաստանի օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներին։
Գործող կարգավորմամբ նրանք ներառված են շահառուներին մատուցվող հերթագրման ոչ ենթակա ծառայությունների ցանկում։
Նախագծով առաջարկվում է վերանայել այս կարգավորումը և ազգային հավաքականների անդամների համար մատուցվող ծառայությունները հանել այդ ցանկից։
4․ «Ապահովում» բառը կփոխարինվի «պահպանմամբ»
Նախագծով նախատեսվում է նաև տեխնիկական և բովանդակային հստակեցում։
Որոշման N 2 հավելվածի վերնագրում և առաջին կետում «առողջության ապահովման» ձևակերպումը առաջարկվում է փոխարինել «առողջության պահպանման» ձևակերպմամբ։
Ըստ հիմնավորման՝ գործող որոշման մեջ առկա է վրիպակ, և փոփոխությունը պետք է բացառի դրույթների տարբեր մեկնաբանությունը։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման դեպքում ավելի լայն շրջանակի զինծառայողներ, նրանց հավասարեցված անձինք և փրկարարական ծառայողներ կկարողանան օգտվել նախատեսված բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից՝ անկախ նրանից՝ նրանց աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը, թե ոչ։
Միաժամանակ կճշգրտվի մինչև 18 տարեկան երեխաների նկատմամբ համավճարի կիրառման հարցը, իսկ ազգային հավաքականների անդամների հերթագրման կարգավորումը կփոխվի։
Նախագիծը մշակել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։ Ըստ հիմնավորման՝ փոփոխությունների ընդունումը պետական բյուջեից առանձին ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջացնի։