Ի՞նչ քննարկեցին Փաշինյանն ու Մակրոնը

Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում քննարկել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը։

Կառավարության հաղորդմամբ՝ Հայաստանի ու Ֆրանսիայի առաջնորդները տնտեսական համագործակցությունը ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից են համարել և ընդգծել Երևանի քայլերը՝ տնտեսությունն ու արտահանման շուկաները բազմազանեցնելու ուղղությամբ։

Վերջին ամիսներին Երևանը փորձում է հայկական ապրանքների համար նոր շուկաներ գտնել։ Եվրամիությունն էլ Հայաստանի համար Առևտրի ինքնավար միջոցառումներ՝ ATM է առաջարկել՝ ռուսական սահմանափակումների հետևանքները մեղմելու և արտահանման մի մասը եվրոպական շուկա ուղղելու համար։

Սեպտեմբերի սկզբին ԵՄ խորհուրդը հավանություն տվեց առաջարկին։ Եթե այն հաստատի նաև Եվրախորհրդարանը, հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ կարող են արտոնյալ պայմաններով մուտք գործել ԵՄ շուկա։


Առաջնորդները քննարկել են նաև Բարգուշատի թունելի կառուցումը։ Կառավարության փոխանցմամբ՝ նախագիծը մտել է գործնական փուլ, և կողմերը կարևորել են շինարարության արագ մեկնարկը։

Թունելի կառուցման շուրջ Հայաստանը համագործակցում է ֆրանսիական «Vinci Construction Grands Projets» և «Razel-Bec» ընկերությունների հետ։ Դեռ մայիսին՝ Մակրոնի Հայաստան այցի ժամանակ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու ֆրանսիական ընկերությունների համատեղ ձեռնարկությունը ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։

Անդրադարձ է եղել նաև տիեզերական ոլորտում համագործակցությանը։ Փաշինյանը Փարիզում մասնակցում է առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին և հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է Ֆրանսիայի հետ այս ուղղությամբ ավելի առարկայական համագործակցություն։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները՝ կարևորելով խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի շարունակությունը։

Փաշինյանը Փարիզ է մեկնել Մակրոնի հրավերով՝ մասնակցելու սեպտեմբերի 9-10-ը անցկացվող առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին։

Leave a Comment