ՀՀ քաղաքացիությունը հնարավոր կլինի վերականգնել հրաժարվելուց առնվազն 5 տարի անց, հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:
Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիությունը չի կարող հերթական գործարք համարվել, երբ մի օր որոշում ես այն ունենալ, իսկ հաջորդ օրը՝ հրաժարվել, հայտնում է Sputnik Արմենիան:
«Գործող օրենսդրության մեջ, երբ մարդուն կարող ենք ՀՀ քաղաքացիություն շնորհել, հաջորդ օրը նա կարող է դիմել ու դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը։ Իհարկե սա զարտուղի ճանապարհներով տարբեր երկրներում տարբեր հարցեր լուծելու առերևույթ մղումներ է ենթադրում կամ գոնե մեզ մոտ կասկած է հարուցում»,– շարունակել է Սարգսյանը։
Նախարարի գնահատմամբ՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը քաղաքացուն մատուցվող սովորական ծառայություն չէ, քանի որ այն անհրաժեշտ է գնահատել նաև գաղափարական տեսանկյունից։
Նա անդրադարձել է նաև քաղաքացիությունից հրաժարվելու և այն ստանալու համար նախատեսված պետական տուրքերի բարձրացմանը։
«Շնորհման դեպքում՝ 250 հազար դրամ, իսկ դադարեցման դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ տուրք։ Պետք է մտաբերենք, թե երբ ՀՀ քաղաքացիություն ենք տալիս անձին, ինչպիսի արտոնություններից է օգտվում՝ անվճար կրթություն, առողջապահության ապահովագրություն, տարբեր ներդրումներ․ սա ոչ թե փոխհատուցում է այն գումարի, որ պետությունը ծախսում է քաղաքացու համար, այլ դիտակետ է, որը մենք ապահովում ենք, որ երկկողմ ցավոտ լինի իրարից բաժանվելու պրոցեսը»,– շարունակել է Սարգսյանը։
ՆԳՆ նախարարը շեշտել է, որ ՀՀ քաղաքացիությունից զրկվելը միայն անձնագրից զրկվելու ընթացակարգ չէ, այլ վերաբերում է պետություն–քաղաքացի կապերի խզմանը։ Սարգսյանը ներկայացրել է նաև նախատեսվող մեկ այլ փոփոխություն. քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու քաղաքացու երդման պահից։
«Մենք շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ նախագահն իմ առաջարկվով շնորհում է քաղաքացիություն, բայց անձինք չեն մոտենու անձնագիրը ստանալու համար, չեն մոտենում երդման տեքստը վերցնելու համար։ Ի վերջո դա միայն վարչարարական գործընթաց չէ, քանի որ երդմամբ դու տալիս ես հավաստում, որ հանդիսանում ես ՀՀ քաղաքացի»,– մանրամասնել է նախարարը։
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պետական տուրքի դրույքաչափը գործող 50,000 դրամի փոխարեն սահմանել 250,000 դրամ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված տուրքը գործող 150,000 դրամից բարձրացնել մինչև 1, 500,000 դրամ։