Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել է համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է համայնքապետարանը։

«Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները եղել են Մարալիկի մանկապարտեզում, որտեղ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց դրանց տեմպը դանդաղ է։ Համայնքի ղեկավարը հայտնել է իր դժգոհությունն այս առնչությամբ և հորդորել շինարարին՝ ավելացնել աշխատակիցների թիվը, այլապես նման ընթացքով մանկապարտեզի շինաշխատանքները նախանշված ժամկետում չեն ավարտվի:

Այնուհետ համայնքի ղեկավարն այցելել է Գուսանագյուղով անցնող Հոռոմ-Արթիկ- Ալագյազ հիմնանորոգվող ճանապարհահատված, որտեղ այդ պահին շինարարություն չի ընթացել: Շինարարների բացակայությունն առաջացրել է համայնքի ղեկավարի դժգոհությունը:

Շինարարներ չեն եղել նաև Շիրակավանի՝ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մուտքի ճանապարհի և հրապարակի հատվածում: Թերացումներն ու խախտումներն արձանագրվել են:

Արման Սարիբեկյանը եղել է նաև Շիրակավանի դպրոցի շինհրապարակում, որտեղ շինարարության ընթացքը գնահատվել է բավարար: Ջրափիի դպրոցում ևս շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով :

Այցերը շինհրապարակներ լինելու են շարունակական»,-նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment