Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու տիեզերական ոլորտում համագործակցության խորացումը, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։ Մինչ բանակցությունները կայացել է Փաշինյանի դիմավորման արարողությունը։

Մակրոնը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և կարևորել երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ ռազմավարական համագործակցության մասին երկկողմ հռչակագրին համապատասխան։

Փաշինյանն իր հերթին կարևորել է տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ։

Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում անցկացվում է սեպտեմբերի 9-10-ը։ Ելիսեյան պալատի տվյալներով՝ դրան մասնակցում է շուրջ 2000 ներկայացուցիչ՝ պետություններից, միջազգային կազմակերպություններից, արդյունաբերական և գիտական շրջանակներից։

Leave a Comment