ԼՂ-ից բռնի տեղահանված 500 առաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2026-2027 ուսումնական տարում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 500 առաջին կուրսեցիների ուսման վարձի փոխհատուցում տրամադրել։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 225 մլն դրամ։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման  շահառու են հանդիսանում Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում կամ 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն ընդունվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգ:

Որոշման համաձայն 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցում են ստացել 1500 շահառուներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով 2023-2026 թթ. հատկացվել է շուրջ 1,8 մլրդ դրամ։

Սույն նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շուրջ 500 (200-ն ընդունվել են բարձրագույն և 300-ը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ) ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի  225 մլն դրամ։ Ընդ որում 2026 թվականի բյուջետային տարում անհրաժեշտ է շուրջ 112,5 մլն դրամ (որից՝ բուհ ընդունվածների համար 75 մլն և մուհ ընդունվածների համար՝ 37,5 մլն) և նույնքան էլ 2027 թվականին։

Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ պետական բյուջեի 1111 ծրագրի 12012 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» միջոցառմամբ (այսուհետ՝ 12012 միջոցառում) նախատեսվել է 469,6 մլն դրամ է հատկացվել սույն որոշման շահառուների ուսման վարձի փոխհատուցման համար, որից օգտագործվել է 206,5 մլն դրամը՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար (ընդ որում՝ շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում)։

Առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված և առաջին կուրսում սովորողներին:

Նախագծով, բուհերի առաջին կուրս ընդունված շահառուների համար ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելու հանգամանքը։

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված ուսանողներին մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տրամադրել ուսման վարձի փոխհատուցում: 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո, 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված շահառուների 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 112,5 մլն դրամ։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.  Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է  «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»  հաստատելու մասին» օրենքի  81-րդ կետի, 3-րդ ենթակետի  «ժա.» ենթակետերից:

Leave a Comment