Իրանում տնտեսական վիճակը սրվում է — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ-ն իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանը Հորմուզում հարվածել է 10 նավի, որոնցից 2-ը՝ ամերիկյան։ Փոխադարձ հարվածները հաջորդել են Վաշինգտոնի այն հայտարարությանը, որ պատժամիջոցներ են սահմանվել 36 թիրախների նկատմամբ, այդ թվում՝ 27 իրանական ավիաընկերության։

Օգոստոսի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Թրամփի վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին, ըստ որի՝ Վաշինգտոնը ռազմական գորժողություններից  անցնում է տնտեսական պատերազմի, որը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, կործանարար կլինի Թեհրանի համար։

Իրանի բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են հրթիռներ և անօդաչու սարքեր արձակվում ամերիկյան նավերի և նավթատարների ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի հինգ նավթային բազաների վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների։

Ամերիկյան հարվածներից հետո Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ հրթիռներ են արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ թիրախների ուղղությամբ։ Այդ երկրի զինված ուժերն էլ հայտարարել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են արձակված 18 բալիստիկ հրթիռ, դրանցից երկուսն ընկել են ոչ բնակելի վայրերում։

Փոխադարձ հարվածները փաստում են, որ Վաշինգտոնն ու Թեհրանը վերադառնում են մարտական գործողությունների՝ գրում է AP-ն, հիշեցնելով, որ ԱՄՆ-ն և Իրանը ձգտում են վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ, որտեղով մինչև պատերազմի սկսվելն անցնում էր համաշխարհային նավթի մոտ մեկ հինգերորդը։

Վաշինգտոնը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ «տնտեսական պատերազմ» է սկսում Թեհրանի դեմ։ Նախատեսվող պատժամիջոցները ֆինանսների նախարարը «պատմության մեջ ամենակոշտն» էր որակել, իսկ նախագահը զգուշացրել էր, որ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին շրջանցելու տնտեսական հետևանքները, լուրջ խնդիրներ կունենան։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների նոր փաթեթը հրապարակել է նախօրեին։ Ըստ հաղորդագրության՝ դրանք սահմանվել են 36 թիրախների նկատմամբ, այդ թվում՝ 27 իրանական ավիաընկերության։

Փորձագիտական գնահատականներով՝ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունն Իրանում դրսևորվում է մի քանի ուղղություններով։ Խոսքը ոչ միայն նավթի վաճառքի սահմանափակման, այլ նաև միջազգային ֆինանսական համակարգից օգտվելու, ապրանքներ ներմուծելու, ներդրումներ ներգրավելու և արտասահմանյան ընկերությունների հետ աշխատելու հնարավորությունների մասին է։ Սրա հետևանքով արժեզրկվում է ազգային արժույթը, բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքերի գները, նվազում է բնակչության գնողունակությունը։

Այս հետևանքները զգում են նաև իրանահայերը։ Նրանցից մեկը, անունը չհրապարակելու պայմանով, «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանում հայերը բարդ խնդիրների առջև են՝ չգիտեն ինչ անել տնտեսական դժվար իրավիճակի ու տարադրամի փոխարժեքների տատանումների պատճառով։ Նրանք, ովքեր բիզնես ունեն,  ստիպված են մնալ և շարունակել իրենց գործունեությունը Իրանում՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը և հավելում, որ  մյուսների շրջանում Իրանից դուրս գալու ցանկությունն օր օրի ավելի է մեծանում ։ Նրա խոսքով՝  վերջինները հիմնականում նախընտրում են Հայաստան գալ, բայց կան նաև մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, երկու-երեք ամիս հետո այլ երկիր մեկնում։

Քաղաքական առումով, «Ռադիոլուրի» զրուցակցի գնահատմամբ, Իրանում անվստահություն կա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության նկատմամբ։ Այս պայմաններում, նրա ձևակերպմամբ, պարզ չէ, թե ով է իրականում որոշումներ կայացնում Իրանում և ինչ զարգացումներ են սպասվում վաղը։

Քաղաքական առումով ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականության նկատմամաբ Իրանում անվստահություն կա և այս պայմաններում հայտնի չէ թե ով է Իրանում որոշում կայացնում և թե ինչ կլինի վաղը, ասում է նա։

Իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է նաև տարածաշրջանի դերակատարների հայտարարություններում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին, մասնավորապես, հայտարարել է, որ Իրանի հարցում գործը դեռ ավարտված չէ, և Իսրայելի առջև դրված առաքելությունը պետք է ավարտին հասցնել։

«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ մենք մինչ այժմ հսկայական նվաճումների ենք հասել: Մենք փոխել ենք Մերձավոր Արևելքի դեմքը: Մենք ջախջախել ենք իրանական առանցքը, մենք իրանական ռեժիմը հասցրել ենք փլուզման եզրին, բայց դեռ կա առաքելություն, որը պետք է ավարտենք: Եվ մենք պետք է ավարտենք առաքելությունը: Իրանական սպառնալիքը վերջնականապես վերացնելու համար սա նշանակում է հաղթել այս ռեժիմին, այն կընկնի, տապալել այն: Վերջնականապես վերացնել «Հեզբոլլահը» և վերացնել Համասը»:

Իսրայելի վարչապետի կարծիքով՝ իրենք ճիշտ ուղու վրա են և մեծ հաղթանակի ճանապարհին։

Leave a Comment