«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցել են Մխիթար Աբբահոր ծննդյան 350-ամյակին նվիրված հոգևոր-մշակութային ծրագրին։
Սեպտեմբերի 8-ին Սուրբ Ղազար կղզում՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի և Մխիթարյան միաբանության հիմնադրման տարեդարձի առիթով, երգչախմբերը մասնակցել են գոհաբանական Սուրբ և Անմահ Պատարագին։
Պատարագի ընթացքում «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերն առաջին անգամ կատարել են Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ կազմի համար ներդաշնակած Պատարագի երգերը։
Միջոցառմանը ներկա են եղել Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և հյուրեր Իտալիայից։
Սեպտեմբերի 12-ին ծրագիրը կշարունակվի Վենետիկի Սուրբ Մարկոսի Մայր տաճարում, որտեղ Սուրբ Պատարագի ընթացքում կհնչի Կոմիտասի՝ երկսեռ կազմի համար գրված Պատարագը։
Սեպտեմբերի 13-ին «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Փադովայում հանդես կգան հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտության մեծ համերգով։
