Իրանը Հորմուզի նեղուցից արևելք նավագնացության համար արգելված գոտի է սահմանել

Իրանը նավագնացության համար արգելված գոտի է հայտարարել Հորմուզի նեղուցից արևելք ընկած ջրային տարածքները, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, փոխանցել է Fars գործակալությունը։

«Սահմանափակումների գոտին սկսվում է մոտավորապես Չաբահար նավահանգստի շրջանում և տարածվում Օմանի ու Արաբական ծովերի մի հատվածի վրա»,- ասել է Մոհեբին։

Նրա խոսքով՝ սահմանափակումների գոտով անցնող նավերը կզրկվեն ծովային, ապահովագրական և օժանդակ ծառայություններից։ Սահմանափակումները կգործեն նաև Հորմուզի նեղուցով այդ նավերի հետագա անցման ժամանակ։

ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում էր Հորմուզի նեղուցի ապաշրջափակում և Պարսից ու Օմանի ծոցերի միջև առևտրային նավերի անվտանգ անցման վերականգնում 60 օրվա ընթացքում։

Սակայն հուշագրի ստորագրումից կարճ ժամանակ անց կողմերը վերսկսել են հարվածների փոխանակումը։ Հուլիսի 12-ին Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ «մինչև տարածաշրջանում Վաշինգտոնի միջամտության ավարտը», իսկ հուլիսի 15-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի ծովային շրջափակման վերսկսման մասին։

Axios-ը օգոստոսի վերջին, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ծավալը վերականգնվել է մինչև նախապատերազմյան մակարդակի կեսը։ Պարբերականի տվյալներով՝ ամեն գիշեր նեղուցի հարավային ջրանցքով անցնում է 20–30 տանկեր, որոնք տեղափոխում են միջինում 9–10 մլն բարել նավթ։

Leave a Comment