Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են պետական սահմանի սահմանազատումը հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից շարունակելու պայմանավորվածությունը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են աշխատանքները սկսել «ավելի բարդ» հյուսիսային հատվածից և աստիճանաբար շարժվել դեպի հարավ։
«Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կշարունակվեն հյուսիսից հարավ»,- ասել է Բայրամովը։
Առանձին բնակավայրերին վերաբերող հարցերը կողմերը կքննարկեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում, հավելել է նախարարը։ Նրա խոսքով՝ երկու երկրների հանձնաժողովները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և նախկինում համաձայնեցրել են իրենց գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր։
ՀՀ–ն ու Ադրբեջանը պատրաստվում են ԱԳ նախարարների նոր հանդիպման. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առաջիկա հանդիպման մասին։ Նրա խոսքով՝ այն տեղի կունենա մոտ ժամանակներս։ Վերջին անգամ երկու երկրի ԱԳ նախարարները մի շարք հարցերի շուրջ մտքեր էին փոխանակել Բիշքեկում։
TRIPP-ի շրջանակում աշխատանքները նախատեսում են սկսել 2027 թվականին
Անդրադառնալով TRIPP նախագծի իրականացմանը՝ Բայրամովը հայտնել է, որ հիմնական բանակցություններն ընթանում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, իսկ ամերիկյան կողմը Բաքվին տեղեկացնում է աշխատանքների ընթացքի մասին։ Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում «ֆիզիկական աշխատանքների» մեկնարկը նախատեսված է 2027 թվականին։
Բաքուն շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն
Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել։ Նա հղում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրությանը կներկայացվի տարեվերջին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Սահմանադրության ընդունման ժամկետներն ու գործընթացը Հայաստանի ներքին հարցն են։
2025 թվականի հունվարին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն պայմանավորվել են սահմանազատման աշխատանքները սկսել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակել հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը։ 2026 թվականի ապրիլին կողմերը նաև համաձայնեցրել էին սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը։
