ԱՄՆ-ի Հայ ոսկերիչների ասոցիացիայի Արևելյան ափի մասնաճյուղը (AJA East Coast) ընտրել է 2026-2027 թվականների տնօրենների խորհուրդը։ Կազմակերպության ընտրված նախագահ (president-elect) է դարձել ոսկերչական իրերի դիզայներ և GIA-ի հավաստագրված մասնագետ Անի Խաչյանը։
Խաչյանն ասոցիացիայի՝ 1999 թվականին հիմնադրումից ի վեր առաջին կինն է, որն ընտրվել է նախագահի պաշտոնում։ Կազմակերպությունում նշել են, որ նրա ընտրությունն արտացոլում է AJA East Coast-ի հետագա զարգացումն ու համաշխարհային ոսկերչական ոլորտում ղեկավար պաշտոններում կանանց աճող դերը։
Խաչյանը Ani Fine Jewelry-ի հիմնադիրն ու ստեղծագործական տնօրենն է։ Նա AJA East Coast-ի աշխատանքներին մասնակցում է 2016 թվականից։
Նոր գործադիր խորհրդի կազմում ընդգրկվել են նաև Մայքլ Գիվլեքյանը և Արթուր Գեսյանը՝ որպես համանախագահներ, ինչպես նաև Վահե Զարդարյանը՝ որպես քարտուղար։
