
Եվրոպական լեռնագագաթներին վերջին երկու տասնամյակների ընթացքում բույսերի տեսակների թիվն ավելացել է, սակայն այս աճի հետևում թաքնված է մեկ այլ միտում․ առանձին հատվածների «նախկին բնակիչներն» ավելի հաճախ են սկսել անհետանալ։ Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել 2001-2022 թվականներին Եվրոպայի 16 լեռնային շրջանների 62 գագաթներում իրականացված դիտարկումների չորս փուլերից հետո, հայտնում է Earth.com-ը։ Կապն առավել նկատելի է եղել այնտեղ, որտեղ ջերմաստիճանն ավելի ուժգին է փոփոխվել։ Մշտական ուսումնասիրության տեղամասերի մակարդակում տաքացման յուրաքանչյուր հավելյալ 0.1 °C-ը համապատասխանել է տեղային կորուստների մասնաբաժնի 1.6% աճին։ Ընդ որում, խոսքը ոչ թե տեսակի լիակատար անհետացման, այլ այն դեպքերի մասին է, երբ բույսն այլևս չեն գտել կոնկրետ տեղամասում։
Առավել հաճախ նման կորուստներ են գրանցվել տեսակի բարձունքային տիրույթի ստորին՝ ավելի տաք սահմանին մոտ։ Լեռների ամենաբարձր հատվածներին հարմարված բույսերի համար իրավիճակն առանձնապես անբարենպաստ է.ավելի վեր տեղափոխվելու հնարավորություն նրանք գրեթե չունեն։
Մոտալուտ անհետացման մասին կարող է նախապես վկայել բուսածածկույթի մակերեսի կրճատումը։ 2022 թվականին գրանցված տեղային կորուստների 57.6% դեպքերում նախորդ 14 տարիների ընթացքում դիտվել էր տվյալ տեսակի զբաղեցրած տարածքի կրճատում։ Հետազոտողները նման նվազումը դիտարկում են որպես հնարավոր վաղ ազդանշան։
Եվս մեկ բացատրություն կապված է այսպես կոչված «անհետացման պարտքի» հետ։ Երկարակյաց բարձրլեռնային բույսերն ունակ են պայմանների փոփոխությունից հետո պահպանվել տարիներ, անգամ՝ տասնամյակներ, որի պատճառով այսօրվա կորուստները կարող են արտացոլել շատ ավելի վաղ սկսված գործընթացները։ Այս վարկածը ստուգելուն կօգնեն դիտարկումների հաջորդ փուլերը։
Հետազոտողները նշում են, որ անմիջապես բարձրլեռնային գոտում ընթացող փոփոխությունները կանգնեցնելու հնարավորությունները քիչ են, որի պատճառով կարևորագույն քայլը մնում է հետագա տաքացման զսպումը։