Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երրորդ գոտեմարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայի մրցաշարում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում: Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի 27-ամյա ամերիկացի Օստին Դեսանտոն:
Արսեն Հարությունյանը Օստին Դեսանտոյի հետ գոտեմարտում կփորձի նվաճել RAF մրցաշարի չեմպիոնական գոտին:
«Դե ինչ, մրցակիցս արդեն հայտնի է…
Այս հայտարարությունն ինձ ավելի մեծ էներգիա ու մոտիվացիա տվեց։ Մեզ շատ հետաքրքիր, լարված ու դիտարժան գոտեմարտ է սպասվում։ Պատրաստ եղե՛ք»,- սոցցանցերում գրել է Արսենը։
Հարությունյան-Դեսանտո դիմակայությունը կլինի երեկոյի գլխավոր գոտեմարտը:
Արսեն Հարությունյանը RAF-ում նախորդ գոտեմարտն անցկացրել էր հուլիսի 19-ին: ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Եվրոպայի քառակի չեմպիոնը կամային հաղթանակ էր տարել ամերիկացի Բեն Դավինոյի նկատմամբ՝ 6:5: