Միացյալ Նահանգները Իրանի դեմ սահմանել է 36 նոր պատժամիջոց, որոնք, մասնավորապես, թիրախավորում են երկրի ավիացիոն ոլորտը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ միջոցառումների նպատակն է կասեցնել իրանական «Mahan Air» ավիաընկերության գործունեությունն ու թռիչքները։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև քողարկված ընկերությունները, բեռնափոխադրողները, օտարերկրյա միջնորդներն ու փոխադրման կեղծ երթուղիները, որոնց միջոցով, ըստ Վաշինգտոնի, Իրանը ձեռք է բերում ամերիկյան ծագման օդանավեր և զգայուն տեխնոլոգիաներ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ֆինանսական հաստատություններին հորդորել է տեղեկացնել Իրանի ավիացիոն ոլորտին աջակցող գնումների ցանկացած ցանցի մասին։ Միաժամանակ պատժամիջոցներ են սահմանվել Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալայզիայում և Ղազախստանում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ։ Ըստ գերատեսչության՝ այդ ընկերություններն աջակցել են իրանական ավիաընկերությունների գործունեությանը և նպաստել Թեհրանի կողմից ամերիկյան ծագման օդանավերի ու զգայուն տեխնոլոգիաների ձեռքբերմանը։
