Պուտինը և Թրամփը քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են այն որոշումների մասին, որոնք Միացյալ Նահանգները կարող է կայացնել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Նրանք նաև ներկայացրել են, թե ինչ կարող են ամերիկացիները իրատեսորեն անել՝ ռազմական գործողություններն արագ դադարեցնելու համար», – ասել է Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ Պուտինը նաև աջակցել է «երկու մեծ տերությունների» միջև հնարավոր կառուցողական գործընկերության վերաբերյալ տրամադրվածությանը և դրականորեն է արտահայտվել ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերի մասին՝ ուկրաինական հակամարտության լուծում գտնելու համար։

Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ հակամարտության արագ ավարտը լայն հեռանկարներ կբացի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լիարժեք վերականգնման համար, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտներում, ինչը «մեծ օգուտներ կբերի երկու երկրներին»։ Նա նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շահագրգռված է իր նախագահության ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հարցում։

Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները ժամանել էին Մոսկվա և Կրեմլում հանդիպել Պուտինի հետ։ Բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ։ Ուիթքոֆը հայտարարել էր, որ զրույցը «շատ բովանդակալից էր և կարևոր», և նշել, որ ամերիկյան պատվիրակությունը «շատ ոգեշնչված է» դրա արդյունքներով։

Leave a Comment