Ավինյան․ Մարզային տրանսպորտը Երևանում իրավունք չունի կանգառից կանգառ ուղևորափոխադրում իրականացնել

Երևանի փողոցների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքի բնակիչների տեղաշարժով։ Պիկ ժամերին Երևանում գտնվող մարդկանց թիվը գերազանցում է 2 միլիոնը։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ամենայն սիրով և հարգանքով՝ եկեք այս ճշմարտությունները բարձրաձայնենք, որպեսզի սկսենք լուծել խնդիրները։ Սիրուն փաթեթավորելով՝ չենք կարողանա լուծել, պետք է ասել այն, ինչ ունենք»,- նշել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ մարզային տրանսպորտը չպետք է Երևանի ներսում իրականացնի ուղևորափոխադրում։ Նա ընդգծել է, որ մարզային ուղևորափոխադրումների համար սահմանված է համապատասխան կարգ, և դրանք պետք է իրականացվեն ավտոկայաններից։

«Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարտավոր են դա ապահովել։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են»,- ասել է քաղաքապետը։

Ավինյանը նաև նշել է, որ ներքաղաքային երթևեկության կազմակերպումը հանրային տրանսպորտի միջոցով Երևանի տրանսպորտի վարչության պատասխանատվության շրջանակում է։

Նրա խոսքով՝ Երևանում ներքաղաքային ուղևորափոխադրումներ պետք է իրականացնեն միայն այդ նպատակով լիազորված և պարտավորություն ունեցող կառույցները՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, մետրոպոլիտենը և համապատասխան այլ ծառայություններ։

«Մնացած տրանսպորտը՝ լինի մասնավոր միկրոավտոբուս, թե այլ մարզային միկրոավտոբուս, իրավունք չունի Երևանում կանգառից կանգառ կայանելու և ուղևոր տեղափոխելու»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

Leave a Comment