Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը:
«Բացարձակապես կասկած չունեմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե նման հնարավորություն ընձեռվի (քանի որ ծրագիրը կազմակերպելու են մեր չինացի գործընկերները՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում), և եթե ժամանակացույցը թույլ տա ու նման առաջարկ արվի, չէր հրաժարվի այդ հնարավորությունից. ավելին՝ ես դրանում ավելի քան վստահ եմ», – ասել է Լավրովը «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» հաղորդման եթերում։
Ըստ նրա՝ նման հանդիպման հնարավորության վերաբերյալ քննարկումները ոչ թե պարզապես արտացոլում են ամերիկյան, չինական կամ ռուսական ցանկությունները, այլ «քաղաքական փորձառություն» են ներկայացնում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ չի բացառում APEC-ի գագաթնաժողովի շրջանակում Պուտինի, Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև եռակողմ հանդիպումը։
APEC-ի գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում՝ նոյեմբերի 18-19-ը։