Քաղաքացիություն ստանալը կխստացվի․ բնակություն Հայաստանում, նոր ստուգումներ և 250 հազար դրամ տուրք

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը նախատեսվում է խստացնել։ Ներքին գործերի նախարարության մշակած նախագծով առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար սահմանել օրինական բնակության և Հայաստանում փաստացի գտնվելու պահանջներ, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու պետական տուրքը 50 հազար դրամից բարձրացնել մինչև 250 հազար դրամ։

Ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Առաջարկվող նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի բովանդակային վերաիմաստավորման, իրավական նշանակության և հանրային արժեքի ամրապնդման, ինչպես նաև քաղաքացիության շնորհման գործող կարգավորումները ժամանակակից իրավական մոտեցումներին համապատասխանեցնելու նպատակով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս սոցիալ-ժողովրդագրական, միգրացիոն և անվտանգային միջավայրի փոփոխությունները։ Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել քաղաքացիության ձեռքբերման առանձին հիմքերն ու ընթացակարգերը՝ առավել հստակեցնելով պետության և քաղաքացիություն հայցող անձի միջև իրական և կայուն կապի, օրինական բնակության և փաստացի ներկայության, անձի ինքնության ու ազգության հավաստիության, ինչպես նաև պետական շահերի և անվտանգության պաշտպանության հետ կապված կարգավորումները։ 2. Առաջարկվող կարգավորման բնույթը․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1995 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ձևավորման և Խորհրդային Միության փլուզման արդյունքում առաջացած նոր իրավաքաղաքական իրողությունների պայմաններում՝ նպատակ ունենալով կարգավորել քաղաքացիության ձեռքբերման, դադարեցման և վերականգնման հետ կապված հարաբերությունները, միաժամանակ ապահովելով պետության և անձի միջև կայուն իրավական կապի ձևավորումը։ Ընդունումից հետո օրենքը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների՝ իրավական համակարգի զարգացմամբ, միգրացիոն գործընթացների փոփոխություններով, երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմամբ, քաղաքացիության ձեռքբերման նոր իրավական հիմքերի ձևավորմամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Միևնույն ժամանակ, քաղաքացիության ոլորտում իրավահարաբերությունները, միգրացիոն գործընթացները և դրանց կարգավորման մոտեցումները շարունակաբար փոփոխվում ու զարգանում են, ինչն առաջ է բերում գործող նորմերի պարբերական վերանայման և կատարելագործման անհրաժեշտություն։

Այս համատեքստում նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով քաղաքացիության ձեռքբերման և դրան առնչվող ընթացակարգերը համապատասխանեցնել արդի իրավահարաբերություններին, ժամանակակից իրավական մոտեցումներին և միջազգային համադրելի փորձին, ինչպես նաև ապահովել գործող կարգավորումների առավել հստակ, ամբողջական և արդյունավետ կիրառումը։ 1․ Քաղաքացիության ճանաչման վերաբերյալ կարգավորումների վերանայում «Քաղաքացիության մասին» օրենքի ընդունման նախնական փուլում առաջնահերթ խնդիրներից էր ՀՀ-ում բնակվող կամ Հայաստանի հետ իրավական կապ ունեցող նախկին Խորհրդային Միության, այդ թվում՝ ՀԽՍՀ քաղաքացիների և այլ անձանց քաղաքացիության պատկանելության հստակեցումն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համակարգի ձևավորումը։ Այս նպատակով Օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչման առանձին հիմք, իսկ 10-րդ հոդվածով՝ անձին ՀՀ քաղաքացի ճանաչելու համապատասխան կարգավորումներ։ Նշված կարգավորումները հնարավորություն էին տալիս կանոնակարգել նախկին ՀԽՍՀ քաղաքացիների, Հայաստանում բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների քաղաքացիական պատկանելության հարցը՝ հաղթահարելով ԽՍՀՄ փլուզումից և անկախության հռչակումից հետո առաջացած անցումային իրավիճակը։ Հետագա տարիներին ՀՀ քաղաքացիության օրենսդրությունը բազմիցս փոփոխվել է և քաղաքացիության ձեռքբերման այս հիմքի կիրառման անհրաժեշտությունը աստիճանաբար նվազել է, ինչով պայմանավորված ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի ՀՀ քաղաքացի ճանաչելու հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ դրա հիմքում դրված հիմնական իրավաքաղաքական նպատակներն արդեն իսկ իրացվել են, իսկ ներկայումս քաղաքացիության ձեռքբերման, վերականգնման և համապատասխան իրավական կապի հաստատման համար գործում են առավել համակարգային կարգավորումներ։

2021 թ․-  ճանաչվել է 51 անձ

2022 թ․- ճանաչվել է 134 անձ

2023 թ․-  ճանաչվել է 125 անձ

2024 թ․ – ճանաչվել է 87 անձ

2025 թ․ – ճանաչվել է 153 անձ

2026 թ․ –  ճանաչվել է 64 անձ

 Օրինական բնակության և փաստացի գտնվելու պահանջների հստակեցում

Օրենքի ընդունման նախնական փուլում դրա հիմքում դրված հիմնական մոտեցումներից մեկը եղել է քաղաքացիություն ձեռք բերելու համար հնարավորինս մատչելի և ճկուն մեխանիզմների ստեղծումը, ինչը պայմանավորված էր հետխորհրդային շրջանի ժողովրդագրական և միգրացիոն իրողություններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ իրավական, փաստացի և էթնիկ կապ ունեցող անձանց ներգրավվածության խթանման անհրաժեշտությամբ։ Այս համատեքստում քաղաքացիության շնորհման ինստիտուտը ձևավորվել է քաղաքացիության ձեռքբերման առավել հասանելի պայմաններ ապահովող  մոտեցման հիման վրա՝ նպատակ ունենալով դյուրին ընթացակարգերով ընդլայնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանակը և ամրապնդել պետության ժողովրդագրական, սոցիալական ու քաղաքական հիմքերը։ Սակայն ժամանակի ընթացքում, իրավակիրառ պրակտիկայի զարգացման և ներկայիս մարտահրավերների ի հայտ գալու պայմաններում, ակնհայտ է դարձել, որ շնորհման եղանակով քաղաքացիություն ձեռք բերելու ինստուտուտը ևս վերանայման կարիք ունի՝ արդյունավետությունն ու որոշակիությունը բարձրացնելու նպատակով։ Այսպես՝ քաղաքացիությունը, որպես ժամանակակից պետության հիմնարար ինստիտուտներից մեկը, ոչ միայն իրավական կարգավիճակ է, այլև պետության և անձի միջև կայուն քաղաքական, իրավական, սոցիալական կապի արտահայտություն և որոշում է, թե որքանով անհատները, որպես տվյալ պետության քաղաքացիներ, կարող են օգտվել իրավունքներից, պաշտպանությունից, ինչպես նաև լիարժեք մասնակցել երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական կյանքին, ճանաչել երկրի իրավական և հասարակական համակարգը և պատրաստ լինել կրելու քաղաքացիությունից բխող իրավունքներն ու պարտականությունները։ Պետության և անձի միջև իրական, արդյունավետ կապի ապահովումը ներկայումս դրված է բազմաթիվ զարգացած երկրների քաղաքացիության հայեցակարգերի հիմքում։ Այս համատեքստում շատ պետություններ վերանայում են քաղաքացիության տրամադրման իրենց քաղաքականությունները՝ քաղաքացիության շնորհման ընթացակարգերում ավելի մեծ դեր վերապահելով դիմողի փաստացի բնակությանը, ինտեգրմանը և պետության հետ կայուն իրավական ու սոցիալական կապի առկայությանը։ Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Օրենքով քաղաքացիություն ստանալու համար սահմանված կարգավորումներին, հարկ է փաստել, որ ներկայումս դիմումների զգալի մասը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հետ բավարար փաստացի կապ չունեցող անձանց կողմից, որոնք երբևէ չեն գտնվել կամ տևական ժամանակ չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում, իսկ քաղաքացիությունը ստանում են առավելապես ճամփորդական կամ այլ գործնական առավելություններ ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ քաղաքացիության և Հայաստանի Հանրապետության միջև իրական կապի պահանջը հաճախ ձևական բնույթ է կրում։

Այսպես՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի աճում է

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը։

01․01․2021թ․ մինչև  31․08․2026թ․

 ՀՀ քաղաքացիություն ստացել են 110․219 անձ 01․01․2021թ․ մինչև  31․08․2026թ․

«099» ծածկագրով անձնագիր ստացել են  108․002 անձ։

Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։ Այս հանգամանքը նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի բովանդակային նշանակությունը և պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում, քանի որ ինչպես նշվեց քաղաքացիությունը ոչ միայն արտոնություն կամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է, այլ ենթադրում է պետության սահմանադրական արժեքների ընդունում, իրավունքների, պետության նկատմամբ պարտավորությունների կրում։ Հետևաբար, բնական է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը որոշակի ժամանակահատված ապրի Հայաստանում, ծանոթանա երկրին, ձևավորի սոցիալական կապեր և փաստացի մասնակցի հասարակական կյանքին։ Վերոգրյալի համատեքստում նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է օրինական բնակության պահանջ ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար (այդ թվում՝ ազգությամբ հայերի), ինչպես նաև ներմուծվում է իրական ֆիզիկական ներկայության պահանջ՝ սահմանելով մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելը երկրում որոշակի ժամանակահատված փաստացի գտնվելու անհրաժեշտություն։ Ընդ որում՝ հիմք ընդունելով Սահմանադրության 47-րդ հոդվածի 4-րդ մասը ազգությամբ հայերի համար օրինական բնակության և փաստացի գտնվելու ժամկետները սահմանվել են առավել պարզեցված կարգավորմամբ՝ պահպանելու համար քաղաքացիության շնորհման գործընթացի դյուրին բնույթը, միաժամանակ ապահովելով պետության հետ իրական կապի նվազագույն մակարդակի առկայություն։ 3․ Քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագրի ուժի մեջ մտնելու հարաբերությունների և երդման արարողության կարգավորում Օրենքում առաջարկվում է նոր կարգավորում՝ պայմանավորված քաղաքացիություն շնորհելու գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելու և քաղաքացիությունից բխող անձի իրավունքների ու պարտականությունների ծագման հստակ պահի սահմանման, իրավական որոշակիության ապահովման, ինչպես նաև քաղաքացիության իրավական կարգավիճակի հետ կապված հնարավոր չարաշահումների և վարչարարական անորոշության կանխարգելման անհրաժեշտությամբ։ Այսպես՝ օրենքի գործող կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ Նախագահի հրամանագրի ընդունումից հետո անձը պետք է մասնակցի երդման արարողությանը, ինչը հանդիսանում է պետության և անձի միջև իրավական կապի հաստատման կարևոր բաղադրիչ։ Սակայն օրենքով հստակ սահմանված չէ, թե որ պահից է հրամանագիրն ուժի մեջ մտնում և անձի ու պետության համար առաջացնում քաղաքացիությունից բխող իրավական հետևանքներ։ Մինչդեռ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ որոշման ընդունման և դրա հիման վրա քաղաքացիության ձեռքբերման պահերի հստակ սահմանումը կարևոր է անձի իրավունքների և պարտականությունների առաջացման պահը որոշակիացնելու համար։ Այս համատեքստում նախագծով առաջարկվում է հստակեցնել քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի իրավական ուժի առաջացման կարգը՝ այն պայմանավորելով անձի կողմից երդման տեքստը օրենքով սահմանված ժամկետում ստորագրելու հանգամանքով։ Մասնավորապես, նախատեսվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում անձի կողմից երդման տեքստը ստորագրելու պահից, եթե այն ստորագրվել է հրամանագրի ընդունման օրվանից մեկ տարվա ընթացքում։ Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալիս քաղաքացիության շնորհման վերաբերյալ Նախագահի հրամանագիը դիտարկել որպես պայմանով ակտ՝ իրավական հետևանքների առաջացումը կապելով համապատասխան հանգամանքի (տվյալ դեպքում՝ երդման տեքստը ստորագրելու) առաջացման հետ։  Այսինքն՝ հրամանագրի ընդունմամբ հաստատվում է անձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ Նախագահի որոշումը, սակայն ուժի մեջ մտենլը և դրանից բխող իրավական հետևանքների առաջացումը պայմանավորվում է անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում երդման տեքստը ստորագրելու հանգամանքով։ Այս մոտեցումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի՝ վարչական ակտը որոշակի պայմանով ընդունելու վերաբերյալ կարգավորման տրամաբանությանը։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ հրամանագրի ընդունման օրվանից մեկ տարվա ընթացքում անձը պարտավոր է ներկայանալ լիազոր մարմին՝ երդման արարողությանը մասնակցելու և երդման տեքստը ստորագրելու համար։ Եթե նշված ժամկետում անձը չի ստորագրում երդման տեքստը, հրամանագիրն ուժի մեջ չի մտնում։

Այս դեպքում անձը չի զրկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հնարավորությունից և կարող է կրկին դիմել քաղաքացիություն ստանալու համար՝ օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով։ Մեկ տարվա ժամկետի սահմանումը պայմանավորված է նաև քաղաքացիության շնորհման գործընթացի ավարտվածության և վարչարարության արդյունավետության ապահովման անհրաժեշտությամբ։ Գործնականում առկա են դեպքերը, երբ հրամանագրի ընդունումից հետո անձը տարիներ շարունակ  չի ներկայանում երդման արարողությանը և չի իրականացնում քաղաքացիության ձեռքբերման գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ գործողությունները։ Նման իրավիճակում անորոշ է մնում անձի կողմից գործընթացն ավարտելու մտադրությունը, , իսկ որոշ դեպքերում հնարավոր չէ բացառել նաև անձի մահացած լինելու փաստը։ Իր հերթին՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ հրամանագրի անորոշ ժամկետով չկատարված մնալը հանգեցնում է նաև վարչական և իրավական անորոշության՝ դժվարացնելով քաղաքացիության վերաբերյալ տվյալների հաշվառումն ու վիճակագրական կառավարումը և հանգեցնում չավարտված գործընթացների կուտակման։ Միաժամանակ, գործնականում լինում են դեպքեր, երբ անձը քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի ավարտը դիտավորյալ հետաձգում է՝ քաղաքացիության ձեռքբերման հետ կապված որոշակի իրավական պարտավորությունների առաջացումից կամ դրանց կիրառման հնարավորությունից խուսափելու նպատակով։ Վերոգրյալ պայմաններում, մեկ տարվա ժամկետի սահմանումը մի կողմից անձին տրամադրում է ողջամիտ հնարավորություն՝ երդման արարողությանը մասնակցելու և քաղաքացիության ձեռքբերման գործընթացն ավարտելու համար, իսկ մյուս կողմից՝ սահմանում է հրամանագրի իրավական հետևանքների առաջացման հստակ պահ։ Սահմանված ժամկետում երդման տեքստը չստորագրելու դեպքում հրամանագրի ուժի մեջ չմտնելու նախատեսումը թույլ է տալիս բացառել անորոշ ժամկետով պահպանվող, սակայն իրավական հետևանքներ չառաջացրած որոշումների գոյությունը և ապահովել քաղաքացիության վերաբերյալ վարչարարության կանխատեսելիությունն ու ամբողջականությունը։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ երդման արարողությունը կազմակերպվում և անցկացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նման պահանջը պայմանավորված է երդման՝ որպես քաղաքացիության ձեռքբերման գործընթացի իրավական նշանակություն ունեցող բաղադրիչի պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ և նպատակ ունի քաղաքացիության ձեռքբերման գործընթացն առավել հստակ կապել Հայաստանի Հանրապետության հետ ձևավորվող իրավական կապի հետ։

Այսպիսով, առաջարկվող կարգավորումների արդյունքում՝

•    հստակ տարանջատվում են քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ Նախագահի հրամանագրի ընդունման և դրա իրավական ուժի առաջացման պահերը,

•    հրամանագիրը դիտարկվում է որպես պայմանով ընդունվող ակտ, որի իրավական հետևանքների առաջացումը պայմանավորվում է երդման տեքստի ստորագրմամբ,

•    սահմանվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում երդման տեքստը ստորագրելու պահից, եթե այն ստորագրվել է հրամանագրի ընդունման օրվանից մեկ տարվա ընթացքում,

•    սահմանվում է երդման արարողությանը մասնակցելու մեկ տարվա վերջնաժամկետ,

•    նախատեսվում է երդման արարողության անցկացումը բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում,

•    սահմանված ժամկետում երդման տեքստը չստորագրելու դեպքում նախատեսվում է հստակ իրավական հետևանք՝ հրամանագրի ուժի մեջ չմտնելը,

•    ապահովվում է քաղաքացիության շնորհման գործընթացի ավարտվածությունը, կանխատեսելիությունը և վարչարարական որոշակիությունը։

«Ազգությամբ հայ» լինելու հանգամանքի հաստատման մեխանիզմի կատարելագործում

Նախագծով նախատեսվող հաջորդ առանցքային փոփոխությունը «ազգությամբ հայ» լինելու հանգամանքի հաստատման համար մասնագիտացված հանձնաժողովի ձևավորման ինստիտուցիոնալ կարգավորման նախատեսումն է։ Ոլորտը կանոնակարգող ենթաօրենսդրական իրավական ակտ, թեև ազգությունը հաստատելու համար սահմանված է որոշակի փաստաթղթերի շրջանակ, սակայն դրանք շատ դեպքերում բավարար չեն անձի «ազգությամբ հայ» լինելու հանգամանքի համապարփակ և վստահելի գնահատում իրականացնելու համար։ Մասնավորապես, բացակայում է փաստաթղթերի իսկության, դրանց փոխկապակցվածության, ամբողջականության և բավարարության միասնական գնահատման ինստիտուցիոնալ գործիքակազմ, ինչը կարող է հանգեցնել ոչ համարժեք կամ ոչ բավարար հիմնավորված որոշումների կայացման։ Մինչդեռ միջազգային համեմատական իրավական փորձը (մասնավորապես՝ Լիտվա, Հունաստան, Իսրայել, Գերմանիա) ցույց է տալիս, որ ծագման հիմքով քաղաքացիության տրամադրման դեպքերում պետությունները կիրառում են բազմաշերտ ստուգման համակարգեր՝ ներառյալ արխիվային տվյալների ուսումնասիրություն, պետական և համայնքային ռեգիստրների ստուգում, եկեղեցական կամ այլ ինստիտուցիոնալ աղբյուրներից ստացվող տեղեկությունների վերլուծություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դիմողի հետ հարցազրույցի իրականացում։

Ընդ որում, նման դեպքերում ապացուցման բեռը կրում է դիմողը՝ ներկայացնելով բավարար և փոխկապակցված փաստական տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու ծագման փաստը՝ ապացույցների համակցված գնահատման և ողջամիտ համոզվածության սկզբունքի հիման վրա։ Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգավորումների պայմաններում հանձնաժողովային մոտեցման բացակայությունը սահմանափակում է տարբեր աղբյուրներից ստացվող տվյալների համադրված և համակարգային վերլուծության հնարավորությունը, ինչի հետևանքով փաստաթղթային գնահատումը հաճախ կրում է ձևական բնույթ։ Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայում արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու՝ ազգությամբ հայ անձանց համար նախատեսված պարզեցված կարգից օգտվելու նպատակով ներկայացվել են կեղծված կամ փոփոխված փաստաթղթեր, այդ թվում՝ փաստաթղթերում դիմողի ծնողի, տատի, պապի կամ այլ մերձավոր ազգականների ազգության վերաբերյալ տվյալները փոփոխելու կամ «հայ» նշելու միջոցով։ Նման դեպքերի բացահայտումը վկայում է, որ միայն ներկայացվող առանձին փաստաթղթերի առկայությունը բավարար չէ անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքի արժանահավատությունը գնահատելու համար և անհրաժեշտ է կիրառել փաստաթղթերի իսկության, դրանց փոխկապակցվածության և տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման վրա հիմնված առավել ամբողջական մեխանիզմներ։

Այսպես՝ «2023-2026 թվականների ընթացքում թվով 71 նմանատիպ դեպք է բացահայտվել, ընդ որում նկատվել է զգալի աճ՝ 2023թ․՝  5 դեպք 2024թ․՝ 21 դեպք 2025թ․՝ 26 դեպք 2026թ․ առաջին կիսամյակ՝ 19 դեպք Նշված դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են իրավասու քննչական մարմիններ՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված պահանջների պատշաճ իրացման անհրաժեշտությունը, անհրաժեշտ է ձևավորել ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կապահովի «ազգությամբ հայ» լինելու հանգամանքի ոչ միայն փաստաթղթային, այլև նյութական և համակողմանի գնահատում։ Այդ նպատակով նախագծով նախատեսվում է ստեղծել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատող հանձնաժողով, որի գործունեության կարգը և լիազորությունները սահմանվելու են Կառավարության կողմից։

 ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած անձանց կողմից քաղաքացիության վերականգնման կարգի վերանայում

Նախագծով առաջարկվում է ևս մեկ էական կարգավորում՝ կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձանց կողմից հետագայում քաղաքացիությունը վերականգնելու հնարավորության հետ։ Այսպես, գործող օրենսդրությունը քաղաքացիությունը դադարեցրած անձին այն անմիջապես վերականգնելու հնարավորություն է ընձեռում՝ առանց որևէ նվազագույն ժամանակային սահմանափակման։ Իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրվում են իրավիճակներ, երբ անձինք դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու համար և կարճ ժամանակ անց նախաձեռնում վերականգնման գործընթաց։ Նման վարքագծի շարժառիթները տարբեր են (օրինակ՝ երբեմն ծնողի քաղաքացիությունից հրաժարումը կապված է արական սեռի երեխաների քաղաքացիության դադարեցման անհրաժեշտությամբ՝ պարտադիր զինվորական ծառայության պարտավորություններից խուսափելու կամ դրանց կատարումը հետաձգելու փորձերի հետ, իսկ հետագա վերականգնումը՝ քաղաքացիությունից բխող իրավունքներից ու արտոնություններից կրկին օգտվելու նպատակների հետ)։ Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց ժամանակակից քաղաքացիության և միգրացիոն քաղաքականության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքացիությունը այլևս չի դիտարկվում բացառապես որպես ձևական իրավական կարգավիճակ և շատ պետություններում ձևավորվել է մոտեցում, ըստ որի քաղաքացիության ձեռքբերման ինստիտուտը ենթակա է պաշտպանության ոչ միայն արտաքին չարաշահումներից, այլ նաև ներսից՝ դրա իրավիճակային կամ գործիքային օգտագործումից։ Քաղաքացիության վերականգնման ինստիտուտների կիրառման միջազգային փորձը վկայում է, որ մի շարք համակարգերում (մասնավորապես՝ Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն և սկանդինավյան երկրներ) պետությունները կիրառում են տարբեր սահմանափակումներ՝ կանխելու քաղաքացիության այսպես կոչված «կրկնակի շահագործումը»։ Այդ համակարգերում քաղաքացիությունից հրաժարումը և դրա վերականգնումը չեն դիտարկվում որպես ավտոմատ շարունակական իրավունք, այլ ենթակա են նոր իրավական գնահատման, հաճախ նաև՝ որոշակի ժամանակային սահմանափակումների։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության գործող կարգավորումները և ձևավորված պրակտիկան որոշ դեպքերում խախտում են քաղաքացիության ինստիտուտի բովանդակային հավասարակշռությունը, ուստի նախագծով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու և դրա հետագա վերականգնման միջև սահմանել նվազագույն ժամանակային շեմ (ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի)՝ ապահովելու քաղաքացիության ինստիտուտի կայունությունը, կանխելու դրա իրավիճակային օգտագործումը և ամրապնդելու քաղաքացիության՝ որպես երկարաժամկետ իրավաքաղաքական կապի արժեքաբանական ընկալումը։

 Քաղաքացիություն շնորհելը մերժելու հիմքերի և Հանրապետության նախագահի հայեցողական լիազորության հստակեցում

Քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացում կարևոր դեր է վերապահված Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությանը։ Այն իր բնույթով հանդիսանում է սահմանադրական լիազորություն, որի ընթացքում Նախագահը ոչ թե զուտ վարչական գործառույթ է իրականացնում, այլ որպես պետական իշխանության բարձրագույն ինստիտուցիոնալ հավասարակշռող մարմին ապահովում է քաղաքացիության հարցի վերջնական և համապարփակ գնահատում և ընդունում համապատասխան հրամանագիր։ Այս համատեքստում, հաշվի առնելով քաղաքացիության՝ որպես պետության և անձի միջև կայուն իրավաքաղաքական կապի նշանակությունը, ինչպես նաև անձի իրավունքների և պետության շահերի փոխկապակցվածությունը՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ որոշումը պետք է կայացվի գործի հանգամանքների ամբողջական ուսումնասիրության և անհրաժեշտ տեղեկությունների համադրման հիման վրա՝ պետության շահերի, անվտանգության և հանրային նշանակություն ունեցող այլ իրավական արժեքների գնահատման ապահովմամբ։ Այս համատեքստում նախագծով առաջարկվում է հստակեցնել քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմքերը և դրանց առնչությամբ վարույթի շրջանակում ներկայացվող եզրակացությունների բովանդակային պահանջները։ Մասնավորապես, պահպանելով այն մոտեցումը, որ քաղաքացիություն ստանալու դիմումը ենթակա է մերժման, եթե անձն իր գործունեությամբ վնասում է կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին, միաժամանակ, նախատեսվում է նշված հիմքերի առկայության վերաբերյալ իրավասու պետական մարմնի եզրակացությունը պատճառաբանված ներկայացնելու պահանջ։ Այն պետք է պարունակի այն փաստական հանգամանքների և ռիսկերի վերաբերյալ հիմնավորում, որոնք հիմք են հանդիսացել համապատասխան եզրահանգման համար՝ առանց օրենքով պահպանվող գաղտնի համարվող տեղեկությունների բացահայտման։ Նման պահանջի սահմանումը պայմանավորված է քաղաքացիության վերաբերյալ որոշման կայացման գործընթացում ստացվող տեղեկությունների և գնահատականների հիմնավորվածությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այն հնարավորություն է տալիս վերջնական որոշում կայացնող սուբյեկտին ամբողջական պատկերացում կազմել անձի հետ կապված առկա ռիսկերի, դրանց հիմքում ընկած փաստական տվյալների և համապատասխան եզրահանգման պատճառների վերաբերյալ։ Միաժամանակ, նման պահանջի սահմանումը ընդգծվում է Նախագահի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ հայեցողական լիազորության բնույթը, ինչը ենթադրում է օրենքով նախատեսված հիմքերի և սահմանների շրջանակում քաղաքացիություն շնորհելու կամ չշնորհելու վերաբերյալ վերջնական իրավաչափ լուծման ընտրության հնարավորություն՝ հաշվի առնելով ոչ միայն ներկայացված փաստաթղթերի և եզրակացությունների բովանդակությունը, այլև քաղաքացիության շնորհման հետ կապված պետական և հանրային շահերի ամբողջությունը։

Վճռաբեկ դատարանը նման դիրքորոշում հայտնել է ՎԴ/2702/05/19 վարչական գործով, որի շրջանակում քաղաքացիություն ստանալու վերաբերյալ վարույթը բնութագրել է որպես մի քանի փուլերից բաղկացած գործընթաց, որի նախորդ փուլերում իրականացվող գործողություններն ունեն օժանդակ բնույթ, իսկ վարույթը եզրափակվում է Նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ընդունմամբ։ Այս առումով նախատեսվող կարգավորումը նպատակ ունի հստակ տարանջատել երկու տարբեր հարցեր․ մի կողմից՝ վարչական վարույթի ընթացքում փաստական հանգամանքների և հնարավոր ռիսկերի պատշաճ բացահայտումն ու հիմնավորումը, իսկ մյուս կողմից՝ այդ հանգամանքների հիման վրա քաղաքացիություն շնորհելու կամ չշնորհելու վերաբերյալ Նախագահի վերջնական հայեցողական որոշումը։ Վերոգյալ հիմնավորումների համատեքստում նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ նշված հիմքերով քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կարող է չպարունակել մերժման հիմքերի հիմնավորում։ Այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիության վերաբերյալ վարույթի ընթացքում կարող են օգտագործվել պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց ամբողջական բացահայտումը անձին կարող է հակասել տվյալ տեղեկությունների գաղտնիության պահպանման օրենսդրական պահանջներին և, որոշ դեպքերում, վնասել պետական կամ հանրային անվտանգությանը։ Մերժման հրամանագրում հիմնավորման չարտացոլումը չի նշանակում, որ համապատասխան փաստական հանգամանքներն ու ռիսկերը չեն պետք բացահայտված և հիմնավորված լինեն վարչական վարույթի նյութերում։ Ընդհակառակը, նախագծով հենց իրավասու պետական մարմնի եզրակացության նկատմամբ հիմնավորվածության պահանջ սահմանելով՝ ապահովվում է, որ վերջնական որոշման կայացման համար անհրաժեշտ փաստական և մասնագիտական հիմքերը առկա լինեն վարույթի նյութերում՝ միաժամանակ հնարավորություն տալով պահպանել օրենքով պաշտպանվող գաղտնի տեղեկությունների գաղտնիությունը։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը հավասարապես ապահովում է քաղաքացիության շնորհման գործընթացի երկու կարևոր բաղադրիչների հավասարակշռությունը՝ առաջին հերթին՝ որոշման կայացման համար անհրաժեշտ փաստական հիմքերի և ռիսկերի պատշաճ բացահայտումն ու հիմնավորումը,  երկրորդ՝ Նախագահի՝ Սահմանադրությամբ և օրենքով վերապահված վերջնական հայեցողական լիազորության արդյունավետ իրականացումը։ Նախագծով նախատեսում է նաև կարգավորում, ըստ որի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունը չի կարող փոփոխվել վարչական կամ դատական կարգով, ինչը նպատակ ունի բացառել այնպիսի իրավիճակը, երբ Նախագահին օրենքով վերապահված ընտրության իրավասության փոխարեն այլ վարչական կամ դատական մարմին իր գնահատմամբ որոշում է, թե տվյալ դեպքում քաղաքացիությունը պետք է շնորհվի կամ չշնորհվի։ Այս դրույթը պետք է մեկնաբանվի Նախագահի հայեցողական լիազորության սահմաններում և չի բացառում դատական վերահսկողությունը դրա իրականացման իրավաչափության նկատմամբ։ Դատարանի կողմից կարող են գնահատվել, մասնավորապես, օրենքով սահմանված իրավական և ընթացակարգային պահանջների պահպանումը, փաստական հանգամանքների պատշաճ պարզումը, հայեցողության սահմանների չգերազանցումը և հայեցողական լիազորության՝ օրենքով նախատեսված նպատակին համապատասխան իրականացումը, սակայն այդ վերահսկողությունը չի ենթադրում Նախագահի հայեցողական ընտրության փոխարինում դատարանի սեփական նպատակահարմարության գնահատմամբ։

Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության դադարեցում

Քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգի կատարելագործման նպատակով առաջարկվում է դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների ուսումնասիրության համար գործող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը։ Գործող կարգավորումների համաձայն՝ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների վերաբերյալ կազմված դրական որոշումները սահմանված կարգով ներկայացվում են Նախագահին՝ համապատասխան հրամանագրի ընդունման համար, իսկ բացասական որոշումների դեպքում գործում է լրացուցիչ միջգերատեսչական քննարկման մեխանիզմ՝ համապատասխան հարցերը հանձնաժողովի կողմից ուսումնասիրելու և խորհրդատվական եզրակացություն ներկայացնելու միջոցով։ Գործնական կիրառության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված մեխանիզմը էական հավելյալ արժեք չի ստեղծում քաղաքացիության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում։ Մասնավորապես, հանձնաժողովի գործունեության ընթացքում բացասական որոշումների վերանայման կամ դրանց վերաբերյալ այլ մոտեցում առաջարկելու դեպքերը գործնականում գրեթե չկան, որպիսի պայմաններում հանձնաժողովի կողմից իրականացվող լրացուցիչ քննարկումը հիմնականում չի հանգեցնում վարչական մարմնի կողմից նախնական գնահատման արդյունքների փոփոխության։ Արդյունքում՝ այս մեխանիզմի գոյությունը առաջ է բերում լրացուցիչ աշխատանք վարչական մարմնի համար՝ համապատասխան նյութերի և գրությունների նախապատրաստման ու հանձնաժողովի քարտուղարին ներկայացնելու ուղղությամբ։ Իր հերթին, հանձնաժողովի անդամների կողմից հարցերի ուսումնասիրությունը և կարծիքների հավաքագրումը պահանջում են լրացուցիչ վարչական և մարդկային ռեսուրսների ներգրավում՝ առանց գործնականում համապատասխան արդյունքի կամ որոշումների որակի էական բարձրացման։ Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվում է վերացնել միջգերատեսչական հանձնաժողովը և քաղաքացիության վերաբերյալ վարչական վարույթի շրջանակում լրացուցիչ խորհրդակցական փուլը՝ նպատակ ունենալով պարզեցնել և օպտիմալացնել ընթացակարգերը, կրճատել վարչական բեռը, խնայել պետական մարմինների մարդկային և վարչական ռեսուրսները և ապահովել քաղաքացիության վերաբերյալ դիմումների առավել արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը։ Միաժամանակ, հանձնաժողովի վերացումը չի ենթադրում քաղաքացիության շնորհման կամ դադարեցման վերաբերյալ որոշումների նկատմամբ վերահսկողության կամ անհրաժեշտ մասնագիտական գնահատման նվազեցում, քանի որ համապատասխան իրավական, փաստական և անվտանգության հանգամանքների ուսումնասիրությունն իրականացվում է իրավասու մարմինների՝ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված լիազորությունների շրջանակում։

«Պետական տուրքի մասին» օրենքում համապատասպան փոփոխությունների իրականացում, քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պետական տուրքի դրույքաչափերի վերանայում

Քաղաքացիության ինստիտուտի բովանդակային վերաիմաստավորման և դրա իրավական նշանակության ու արժեքի ամրապնդման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը։ Ինչպես արդեն նշվեց՝ քաղաքացիությունը պետության և անձի միջև առանձնահատուկ և կայուն իրավական կապ է, որի առկայությամբ պայմանավորվում է անձի և պետության փոխադարձ իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության ամբողջությունը։ Հետևաբար, քաղաքացիության ձեռքբերումը և դադարեցումը չեն կարող դիտարկվել որպես զուտ վարչական կամ ընթացակարգային գործողություններ, քանի որ դրանց արդյունքում ձևավորվում կամ դադարեցվում է անձի և պետության միջև էական և երկարաժամկետ իրավական կապը։ Այս համատեքստում պետական տուրքի դրույքաչափի վերանայումը դիտարկվում է որպես քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ որդեգրվող նոր իրավաքաղաքական մոտեցման բաղադրիչ՝ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման առանձնահատուկ բնույթին համապատասխան։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում են քաղաքացիության նկատմամբ առավել բովանդակային մոտեցման վրա հիմնված փոփոխություններ՝ ընդգծելով քաղաքացիության ձեռքբերման դեպքում պետության և անձի միջև իրական և կայուն կապի առկայության, իսկ քաղաքացիության դադարեցման դեպքում՝ արդեն ձևավորված կապի դադարեցման առանձնահատուկ նշանակությունը։ Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Հարկ է նշել նաև, որ դրույքաչափերի տարբերակումը պայմանավորված է քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման իրավական բնույթի տարբերությամբ։ Քաղաքացիություն ստանալու դեպքում ձևավորվում է պետության և անձի միջև նոր իրավական կապ, մինչդեռ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում դադարեցվում է արդեն իսկ գոյություն ունեցող կապը, ինչն իր հերթին առաջացնում է էական իրավական հետևանքներ։ Այսպիսով, առաջարկվող փոփոխությամբ պետական տուրքի դրույքաչափերը համապատասխանեցվում են քաղաքացիության՝ որպես պետության և անձի միջև առանձնահատուկ իրավական կապի նոր ընկալմանը՝ ամրապնդելով քաղաքացիության ինստիտուտի իրավական նշանակությունն ու հանրային արժեքը։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների, այդ թվում՝  պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ լրացուցիչ բյուջետային ֆինանսավորման անհրաժեշտություն չի առաջացնում։

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիր 6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի բովանդակային և իրավական նշանակության ամրապնդում, քաղաքացիության և պետության միջև իրական ու կայուն կապի առավել հստակ արտահայտում, ինչպես նաև քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման գործընթացների առավել միասնական, կանխատեսելի և արդյունավետ իրականացում։ Առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև քաղաքացիության շնորհման գործընթացում որոշումների կայացման հիմքերի առավել ամբողջական և համակցված գնահատմանը, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների և հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ հանրային և ինստիտուցիոնալ վստահության ամրապնդմանը։ Միաժամանակ, դրանք ուղղված են քաղաքացիության ոլորտում ձևավորված իրավահարաբերությունների արդի պահանջներին և ժամանակակից իրավական մոտեցումներին համապատասխան իրավական միջավայրի ապահովմանը։ ՀՀ  ներքին գործերի նախարարություն

Տեղեկանք (այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտության մասին) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 97-Ն որոշման մեջ:

Leave a Comment