Պետական գաղտնիքի գործով․ հայտնի են Թևանյանի և Մանուկյանի խափանման միջոցները

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է ևս 3 ամսով, իսկ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ, նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա․Թ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու և ապօրինի ձեռք բերված պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա․Մ․-ի կողմից պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթը։

ՀՀ ՔԿ-ի փոխանցմամբ՝ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։ Նա ձերբակալվել էր դատարան ներկայացնելու նպատակով։

Ավելի վաղ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Leave a Comment