Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այդ մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշում էր կայացրել քրեական վարույթն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Դատավորն իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ մեղադրանքի մեջ հստակեցված չէ ենթադրյալ արարքի կատարման վայրը, իսկ նախաքննությունն իրականացրած Քննչական կոմիտեի վարչության նստավայրը գտնվում է Երևանում:
Սեպտեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը գործն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել էր, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ։
Որոշմամբ գործը ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության համար։