Ատեստավորում՝ անասնաբույժների գիտելիքները ստուգելու և վարձատրությունը բարձրացնելու համար

Հայաստանում համայնքները սպասարկող անասնաբույժների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կգնահատվեն ատեստավորման միջոցով։ Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված՝  Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Անասնաբուժության մասին» օրենքում կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ։ 

Ի՞նչ է նախատեսվում

Նախագծով սահմանվում է համայնքը սպասարկող անասնաբույժի ատեստավորում հասկացությունը։ Այն նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում միջոցառումներ իրականացնող անասնաբույժների համար։

Ատեստավորման ընթացքում գնահատվելու են մասնագետի՝

  • մասնագիտական գիտելիքները,
  • անասնաբուժության ոլորտի օրենսդրության իմացությունը,
  • թվային համակարգերի կիրառման հմտությունները։

Ատեստավորում անցած անասնաբույժը որակավորման աստիճան կստանա

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև համայնքը սպասարկող անասնաբույժի որակավորման աստիճան։

Այն կտրվի ատեստավորման արդյունքների հիման վրա և հիմք կհանդիսանա գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում անասնաբույժի մատուցած ծառայությունների գների նկատմամբ բարձրացնող գործակիցների կիրառման համար։

Այսինքն՝ մասնագետի որակավորման մակարդակը կարող է ուղղակիորեն կապվել նրա մատուցած ծառայությունների վարձատրության հետ։

Ինչո՞ւ է անհրաժեշտ ատեստավորման համակարգը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ որակավորված մասնագետների ներգրավումը կնպաստի անասնաբուժական ծառայությունների որակի բարձրացմանը։

Սա կարևոր է հատկապես՝

  • կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման,
  • հանրային առողջության պահպանման,
  • անվտանգ սննդամթերքի ապահովման,
  • անասնաբուժության ոլորտում հնարավոր տնտեսական և ֆինանսական կորուստների նվազեցման տեսանկյունից։

Նախագծի հեղինակները նաև նշում են, որ ոլորտում առկա է կադրային սահմանափակ ռեսուրս և երիտասարդ մասնագետների պակաս։ Ատեստավորման և դրա արդյունքներով ավելի բարձր վարձատրության հնարավորությունը, ըստ հիմնավորման, կարող է մեծացնել մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը և նպաստել մարզերում ու համայնքներում նոր մասնագետների ներգրավմանը։

Կառավարությունը կսահմանի ատեստավորման կարգը

Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է, որ Կառավարությունը երեք ամսվա ընթացքում կընդունի համապատասխան ենթաօրենսդրական ակտ։

Դրանով կսահմանվեն՝

  • համայնքը սպասարկող անասնաբույժների ատեստավորման կարգն ու պայմանները,
  • որակավորման աստիճանների տրամադրման կարգը,
  • մատուցվող ծառայությունների գների նկատմամբ բարձրացնող գործակիցների կիրառման կարգն ու պայմանները։

Այսպիսով, օրենքը ինքնին չի սահմանում ատեստավորման քննության կոնկրետ ընթացակարգը կամ յուրաքանչյուր որակավորման աստիճանի համար նախատեսվող հավելավճարի չափը։ Դրանք հետագայում պետք է կարգավորվեն Կառավարության որոշմամբ։

Փոփոխվում է նաև «համայնք» հասկացության կիրառությունը

Նախագծով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան դրույթում «համայնքում» բառը փոխարինել «բնակավայրում» բառով։

Միաժամանակ օրենքում կներառվեն ատեստավորման և որակավորման աստիճանի նոր հասկացությունները, իսկ Կառավարությանը կտրվի անհրաժեշտ լիազորությունը՝ կարգավորելու ամբողջ գործընթացը։

Ի՞նչ ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա

Նախագծի հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունումից հետո պետական բյուջեում կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։

Դա պայմանավորված է լինելու ատեստավորման արդյունքներով համայնքները սպասարկող անասնաբույժներին որակավորման աստիճանների տրամադրմամբ և դրանց հիման վրա վարձատրության նկատմամբ բարձրացնող գործակիցների կիրառմամբ։

Ե՞րբ կգործի օրենքը

Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Դրանից հետո Կառավարությունը երեք ամսվա ընթացքում պետք է ընդունի օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը։

Նախաձեռնության նպատակն է համայնքները սպասարկող անասնաբույժների գիտելիքներն ու հմտությունները պարբերաբար գնահատել, նրանց որակավորումը կապել վարձատրության հետ և այդ միջոցով բարձրացնել անասնաբուժական ծառայությունների որակն ու մասնագիտության գրավչությունը։

Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Comment