ՊԵԿ-ը La Galleria-ում ավելի քան 1,5 մլրդ դրամի ենթադրյալ վնաս է բացահայտել – armeniatoday.am

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Երևանում թանկարժեք բրենդների հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունում բացահայտել է շուրջ 9,46 մլրդ դրամի (26,2 մլն դոլար) թերհայտարարագրված շրջանառություն։ Պետական բյուջեին պատճառված ենթադրյալ վնասը գերազանցում է 1,5 մլրդ դրամը (4,15 մլն դոլար), հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՊԵԿ-ն ընկերության անունը չի հրապարակել։ Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ի հրապարակած կադրերից դատելով՝ օպերատիվ միջոցառումներն իրականացվել են Հյուսիսային պողոտայում գտնվող La Galleria բուտիկում։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ խանութների ցանցը կառավարող «Գրիտտի» ՍՊԸ-ի 80%-ը պատկանում է Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։

ՊԵԿ-ի տվյալներով՝ վերլուծության ընթացքում համադրվել են ընկերության հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները և գործունեության փաստացի ծավալները բնութագրող ցուցանիշներ։ ՊԵԿ-ը էական անհապատասխանություններ է հայտնաբերել, որի հիմքով ընկերությունը դասվել է բարձր ռիսկայինների շարքին, ինչից հետո օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են սկսվել։

Կոմիտեից հայտնել են, որ ձեռք են բերել ընկերության ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչների տվյալները։ ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունել է կանխիկ վճարումներ, սակայն չի տրամադրել ՀԴՄ կտրոններ և այդ գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում։

«Ընկերությունն իրական իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9 մլրդ 460 մլն դրամով պակաս է արտացոլել։ Պետական բյուջեին պատճառված վնասը գերազանցում է 1 մլրդ 500 մլն դրամը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ։

Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3-ի նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նույն վարույթով «Այգեձոր» ՍՊԸ-ի նախկին ղեկավար Արամայիս Ոսկանյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Leave a Comment