Մինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական կրթության համար․ ո՞վքեր կարող են օգտվել զբաղվածության նոր ծրագրից

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված՝ «Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է ներդնել զբաղվածության նոր ծրագիր, որի շրջանակում որոշ խմբերի գործազուրկ անձինք կարող են ստանալ մինչև 250 հազար դրամ արժողությամբ կրթական վաուչեր՝ կարճաժամկետ մասնագիտական դասընթացների մասնակցելու համար։

Ծրագրի նպատակը ոչ միայն անձանց վերապատրաստելն է, այլև նրանց օգնելը՝ մասնագիտությամբ աշխատանք գտնելու և կայուն զբաղվածություն ապահովելու հարցում։

Ովքեր կարող են օգտվել ծրագրից

Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել երեք հիմնական խմբի անձանց․

  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց,
  • Ղարաբաղից տեղահանված անձանց,
  • անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց։

Կրթության համար՝ մինչև 250 հազար դրամ վաուչեր

Ծրագրի շահառուին տրամադրվելու է մինչև 250 հազար դրամ արժողությամբ կրթական վաուչեր։

Վաուչերը հնարավոր կլինի օգտագործել միայն մեկ անգամ, իսկ տրամադրվելուց հետո այն պետք է իրացվի 6 ամսվա ընթացքում։

Դասընթացները պետք է իրականացվեն այն կազմակերպությունների կողմից, որոնք ընդգրկված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված՝ «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների ցանկում։

Շահառուի նույնականացումը նախատեսվում է իրականացնել թվային համակարգի միջոցով՝ QR կոդով։

Դասընթացի ավարտից հետո անձին կտրվի համապատասխան վկայական՝ սերտիֆիկատ կամ հավաստագիր։

Դասընթացն ավարտելուց հետո՝ աշխատանք

Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ աջակցությունը չի սահմանափակվելու միայն կրթությամբ։

Եթե վաուչերով ուսուցում անցած և համապատասխան վկայական ստացած անձը աշխատանքի ընդունվի վկայականում նշված մասնագիտությամբ, գործատուն ևս կարող է պետական աջակցություն ստանալ։

Պայմանն այն է, որ գործատուն անձի հետ կնքի առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, իսկ աշխատանքը լինի նորմալ աշխատաժամանակի ռեժիմով՝ մեկ դրույքով։

Միաժամանակ, ծրագրով նախատեսվում է աջակցել ոչ բոլոր գործատուներին։ Ծրագրից կբացառվեն հանրային ծառայություն իրականացնող մարմինները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս։

Գործատուին՝ մինչև 300 հազար դրամ եկամտային հարկի փոխհատուցում

Աշխատանքի ընդունված անձի համար գործատուն կարող է ստանալ նրա աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում։

Այն նախատեսվում է հետևյալ չափերով․

Առաջին 3 ամիսներին՝ վճարված եկամտային հարկի 50%-ի չափով, բայց ամսական ոչ ավելի, քան 25 հազար դրամ։

4-6-րդ ամիսներին՝ վճարված եկամտային հարկի 100%-ի չափով, բայց ամսական ոչ ավելի, քան 50 հազար դրամ։

Այսինքն՝ գործատուի համար եկամտային հարկի փոխհատուցման առավելագույն չափը 6 ամսվա ընթացքում կարող է հասնել 225 հազար դրամի։

Շահառուին՝ ևս 300 հազար դրամ

Ծրագրով նախատեսվում է նաև միանվագ ֆինանսական աջակցություն հենց շահառուին։

Եթե անձի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակվեն՝

  • 3 ամիս՝ շահառուն կստանա 100 հազար դրամ,
  • 12 ամիս՝ ևս 200 հազար դրամ։

Այսպիսով, միայն շահառուին նախատեսվող լրացուցիչ աջակցությունը կարող է կազմել 300 հազար դրամ։

Որքա՞ն է ընդհանուր աջակցությունը

Մեկ շահառուի հաշվով ծրագրի առավելագույն ծախսը նախատեսվում է 775 հազար դրամ։

Կարևոր է նկատի ունենալ, որ 775 հազար դրամը մեկ անձին կանխիկ վճարվող գումար չէ․ դրա մի մասը կրթական վաուչերի, մի մասը՝ գործատուի հարկային փոխհատուցման, իսկ մի մասը՝ շահառուին տրամադրվող աջակցությունների տեսքով է։

2027-ին նախատեսվում է աջակցել 1422 անձի

Նախագծի համաձայն՝ ծրագիրը 2027 թվականին նախատեսվում է իրականացնել 1422 շահառուի համար։

Հաշվարկի համաձայն՝ դրա համար անհրաժեշտ կլինի մոտ 1 միլիարդ 102 միլիոն 50 հազար դրամ։

Ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել արդեն նախատեսված՝ «1088. Զբաղվածության ծրագրի» միջոցառումների շրջանակում։

Ինչու՞ է առաջարկվում նոր ծրագիր

Նախագծի հեղինակները նշում են, որ գործող մի շարք զբաղվածության ծրագրերի նկատմամբ պահանջարկը նվազել է։

Օրինակ՝

  • 2026 թվականին նախատեսված 500 շահառուից հուլիսի 1-ի դրությամբ ծրագրում ընդգրկվել էր 100 անձ,
  • 1000 նախատեսված շահառուից ընդգրկվել էր 273 անձ,
  • 679 նախատեսված շահառուից՝ ընդամենը 42 անձ։

Դրա պատճառով առաջարկվում է գործող որոշ ծրագրեր ուժը կորցրած ճանաչել և ներդնել նոր մեխանիզմ, որը կապելու է կրթությունը, աշխատանքի տեղավորումը և հետագա աշխատանքային կայունությունը։

Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Comment