«Քոչարյանը երբեք չի պայմանավորվել Փաշինյանի հետ». իսկ ո՞ւմ էր ակնարկում Բագրատ Միկոյանը



Երբ Բագրատ Միկոյանն ասում է՝ «Քոչարյանը երբեք չի պայմանավորվել Փաշինյանի հետ», հարց է առաջանում՝ սա պարզապես Քոչարյանի քաղաքական կերպարի նկարագրությո՞ւն է, թե՞ նաև ակնարկ, որ ուրիշները՝ պայմանավորվել են։ Եթե երկրորդն է, ապա գուցե արժե ակնարկների փոխարեն անուններ տալ։ Եթե առաջինն է, ապա ինչո՞ւ է ընդհանրապես անհրաժեշտ այդքան ընդգծված շեշտել «չպայմանավորվելու» հանգամանքը։ Երբ այս ձևակերպումը հնչում է մի քաղաքական թիմից, որը սեփական քաղաքական գրեթե յուրաքանչյուր ձախողման բացատրությունը սովորաբար փնտրում է Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի գործողությունների մեջ, «չպայմանավորվելու» շեշտադրումը դժվար է ընկալել որպես պարզապես պատահական բառերի ընտրություն։ Իսկ ի՞նչն է, ըստ Միկոյանի, չպայմանավորվելու ապացույցը։ Քոչարյանը 2020-ից հետո վերադարձավ ակտիվ քաղաքականություն, գլխավորեց «Հայաստան» դաշինքը, մասնակցեց 2021 թվականի արտահերթ ընտրություններին և չկարողացավ իշխանազրկել Փաշինյանին։ Նույն տարվա նոյեմբերին արդեն հայտարարեց «դիմադրության համահայկական շարժման» մեկնարկի մասին՝ վստահեցնելով, որ պայքարը շաբաթների կամ ամիսների հարց է և իշխանությունը պետք է հեռացվի։ Անցան ոչ միայն շաբաթներ ու ամիսներ, այլ տարիներ։ Փաշինյանը մնաց իշխանության։ Եվ այստեղ Միկոյանի սեփական տրամաբանությունը սկսում է հետաքրքիր հարցեր առաջացնել։ Եթե քաղաքական գործընթացի հաջողությունը կամ ձախողումը կարելի է բացատրել «պայմանավորվել չպայմանավորվել» պարզ բանաձևով, ապա ի՞նչ անուն պետք է տալ Քոչարյանի ղեկավարած կամ նրա քաղաքական մասնակցությամբ սկսված հերթական ձախողված փորձերին։ Դրանք պարտություննե՞ր էին։ Սխալ քաղաքական հաշվարկնե՞ր։ Թե՞ պայմանավորվածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment