Փաշինյանը մարզերից պահանջել է ՏԻՄ ընտրություններում հաղթելու ունակ թեկնածուների. ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներին հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ ընտրություններում հաղթելու հնարավորություն ունեցող համայնքապետերի թեկնածուների, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ եթե առաջարկված թեկնածուները պարտվեն ընտրություններում, պատասխանատվությունը կկրեն մարզպետները՝ ընդհուպ պաշտոնանկություն։

Թերթը գրել է, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների համար մարզպետները պետք է մեկից ավելի թեկնածու ներկայացնեն ՔՊ վարչությանը և հիմնավորեն յուրաքանչյուրի ընտրությունը։ Վերջնական թեկնածուին, պարբերականի տեղեկություններով, ընտրելու է Փաշինյանը։

Մարզպետներից մեկը «Հրապարակ»-ին հայտնել է, որ այժմ դժվար, «գրեթե անհնար» է գտնել տվյալ համայնքում բավարար հեղինակություն ունեցող ՔՊ թեկնածու, որը կարող է ընտրություններում ստանալ աջակցություն։

Նրա խոսքով՝ այդ պատճառով բանակցություններ են ընթանում համայնքներում հեղինակություն ունեցող անձանց հետ՝ նրանց իշխանության թեկնածու առաջադրելու շուրջ։ Պարբերականի աղբյուրը նշել է, որ դեռ պարզ չէ՝ ինչ պայմաններ կարող են առաջադրել նրանք համաձայնության դիմաց։

2026 թվականի աշնանը Հայաստանի 46 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանք կընդգրկեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը:

Leave a Comment