ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել կառավարության ծրագիրը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման սահմանադրականությունը, «Փաստինֆո»-ին հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ՍԴ ներկայացվելիք դիմումը մշակում է պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ խմբակցության մյուս պատգամավորների հետ։ Դիմումը պատրաստելիս նրանք խորհրդակցում են նաև իրավաբանների և սահմանադրական իրավունքի մասնագետների հետ։
«Դիմումի վրա աշխատում է պարոն Վարդևանյանը՝ մեր մյուս պատգամավորների հետ, դիմումի պատրաստման ընթացքում պարոն Վարդևանյանը խորհրդակցում է նաև Հայաստանի լավագույն իրավաբանների, ոլորտի մասնագետների, այդ թվում՝ սահմանադրագետների հետ»,- ասել է Աբրահամյանը։
«Ուժեղ Հայաստանը» հարցը դեռ չի քննարկել «Հայաստան» խմբակցության հետ։ Աբրահամյանի խոսքով՝ ՍԴ դիմելու համար «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների ձայները բավարար են։ Դիմելու հստակ ժամկետ նա չի նշել՝ ասելով, որ դա կանեն օրենքով սահմանված ժամկետներում։
Աբրահամյանը չի բացահայտել նաև, թե կառավարության ծրագիրը հաստատելու մասին որոշման կոնկրետ որ դրույթներն է խմբակցությունը պատրաստվում վիճարկել։
«Փաստինֆո»-ն ենթադրել է, որ դիմումը կարող է վերաբերել ինչպես կառավարության ծրագրի ընդունման ընթացակարգին, այնպես էլ դրա առանձին դրույթներին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հատվածին։ Աբրահամյանը, սակայն, դիմումի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
ԱԺ-ն կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը հաստատել է օգոստոսի 25-ին։
